Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում եզրակացրել են, որ Ռուսաստանի առաջխաղացումը կանգնեցնելու տարբերակ այլևս չկա. Արման Գրիգորյան


ԱՄՆ-ում եզրակացրել են, որ որևէ տարբերակ այլևս չկա Ռուսաստանի առաջխաղացումը կանգնեցնելու, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Արդյոք Վաշինգտոնը միայնա՞կ է թողնում Կիևին. կանեի՞ք այդպիսի ձևակերպում:

Գրիգորյան. - Ձևակերպման շուրջ կարելի է բանավիճել, իհարկե, բայց հստակ է, որ Միացյալ Նահանգները շատ վճռական է տրամադրված Ուկրաինայում պատերազմը ավարտելու կապակցությամբ: Նրանք կարծես թե եկել են այն եզրակացության, որ այս պատերազմի շարունակելը որևէ հեռանկար չունի, բացի ավելի մեծ կորուստներից և՛ մարդկային, և՛ աշխարհաքաղաքական, ստրատեգիական առումով: Նրանք նաև եզրակացրել են, որ որևէ տարբերակ այլևս չկա Ռուսաստանի առաջխաղացումը կանգնեցնելու: Այսինքն՝ հաջորդ քայլը, եթե նրանք պիտի պատերազմը շարունակեն, պիտի լինի ուղղակի արդեն ուղիղ մասնակցությունը, հատկապես ելնելով Ուկրաինայում մարդուժի պակասի հետ խնդրից, ուղղակի ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման մասին պիտի խոսք գնա, ուղղակի Ռուսաստանի հետ ռազմական առճակատման մասին, բայց մենք գիտենք, որ դա նույնիսկ Բայդենի ժամանակ բացառվել էր: Հստակորեն դա միջուկային էսկալացիայի վտանգ է պարունակում, ինչը շատ լավ հասկանում են: Եվ քանի որ ուրիշ տարբերակ չի մնացել, նրանք որոշել են գնալ խաղաղության:

«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, բայց դա գին կարժենա, ո՞վ և ինչպե՞ս պետք է վճարի այդ գինը, չէ՞ որ նախագահ Զելենսկին ասում էր՝ «ես համաձայն եմ, բայց մեզ անվտանգության երաշխիքներ են պետք»:

Գրիգորյան. - Ինչ անվտանգության երաշխիքների մասին կարող է խոսք գնալ: Այսինքն, եթե Զելենսկին շարունակում է պնդել, որ Ուկրաինան պետք է զուտ ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ ստանա Ռուսաստանի դեմ, դա տեղի չի ունենալու: Այսինքն՝ այս պատերազմը երևի մի պատճառ չուներ, մի քանի պատճառ ուներ, բայց հիմնական պատճառը, իմ խորին համոզմամբ, հենց նման ինտեգրացիայի, անվտանգության առումով Արևմուտքի հետ ինտեգրացիայի, ՆԱՏՕ-ի հետ անդամության կամ դե ֆակտո անդամության մասին էր խոսքը, դա էր հիմնական պատճառը այդ պատերազմի: Եվ հիմա խոսել այն մասին, որ պետք է նույն ՆԱՏՕ-ն ինչ-որ երաշխիքներ տա Ուկրաինային կամ ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայվեն որպես խաղաղապահ ուժեր, ինչի մասին վերջերս, կարծեմ, բրիտանացիներն ու ֆրանսիացիները են խոսել, դա փակուղային ինչ-որ պահանջ է: Դա բանակցությունները սկսելուց առաջ արդեն կարող է բանակցությունները տապալել: Հիմա երաշխիքներն, իհարկե, բանակցվելու են, հենց այնպես, այսինքն, Ռուսաստանի խոստման հիման վրա չեն կնքելու էդ զինադադարը: Ռուսաստանը նույնպես շահագրգռված է այս պատերազմը դադարեցնելով, ինչ-որ փոխադարձ երաշխիքներ կտրվեն, ինչ-որ երաշխիքներ Ուկրաինային կտրվեն, բայց դա տեղի է ունենալու բացառապես Ուկրաինայի չեզոքությունը երաշխավորելու կոնտեքստում: Բնականաբար, չեզոքությունը խախտել է, ինչ-որ տրիգերներ է պարունակելու որևէ կողմի համար: Էդ տեսակ երաշխիքները կարող են տրվել, բայց եթե խոսքը գնում է միակողմանի ՆԱՏՕ- ի կողմից Ռուսաստանի դեմ երաշխիքներ ստանալուն, ես դա քիչ հավանական եմ համարում, Ես դա բացառում եմ իրականում:

«Ազատություն». - Նաև Ուկրաինայի օկուպացված տարածքների հարցն է մտնում, այսինքն, Կիևըը պետք է հաշտվի՞ այդ իրողության հետ, ստացվում է:

Գրիգորյան. - Կիևը եթե չհաշտվի էդ իրողության հետ, հիմա ես չգիտեմ, ճիշտն ասած, թե էդ տարածքների որ մասը՝ ամբողջությամբ կամ ինչ-որ մի մասը, գուցե ինչ-որ բաներ բանակցվեն տարածքների առումով, բայց որ տարածքային կորուստներ Ուկրաինան ունենալու է, դա, ինձ թվում է, կասկածից վեր է: Կիևիի հաշտվել-չհաշտվելը... Ի՞նչ է նշանակում՝ Կիևը չհաշտվի, եթե Կիևը չհաշտվի, չհաշտվելու այլընտրանքը պատերազմը շարունակելն է, և Կիևը կարող է ավելի մեծ տարածքներ կորցնել: Հիմա այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ վերաբերմունք կունենան տարածքային ստատուս քվոն փոխելու նկատմամբ Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները: Բնականաբար, եվրոպական երկրները դեռ նման խոսակցություն չեն վարում, նրանց համար քաղաքականապես դա շատ ավելի դժվար է, քան Թրամփի ադմինիստրացիայի համար, բայց Թրամփի ադմինիստրացիայի ներկայացուցիչները բավականին ոչ երկիմաստ ինչ-որ հայտարարություններ արել են, մասնավորապես, որ 22 թվականից առաջվա տարածքային ստատուս քվոյին վերադառնալ այլևս հնարավոր չի: Այսինքն՝ բոլորն էլ հասկանում են, ինձ թվում է, որ ինչ-որ տարածքային փոփոխություններ տեղի են ունենալու:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

XS
SM
MD
LG