Էկոնոմիկայի նախարարը դարձյալ սկանդալի կիզակետում է. երեկ իր ֆեյսբուքյան էջում կիսվելով Ամուլսարի հանքը վերագործարկելու մասին ԱՄՆ դեսպանատան հրապարակմամբ՝ Գևորգ Պապոյանը գրել է՝ «շունը հաչում է, քարավանը՝ գնում»:
«Մինչ ոմանք ոռնում են տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի», - նշել է Պապոյանը:
Ո՞ւմ նկատի ունի «հաչող շուն» ասելով, արդյոք Հայաստանի քաղաքացիների մասին է այսպես արտահայտվում, հարցնում էին նախարարի գրառումից տարակուսած քաղաքացիները: Քննադատության ալիք բարձրացավ, ինչի ֆոնին Գևորգ Պապոյանն իր գրառման տակ պարզաբանեց, թե այն վերաբերվում է որոշ նախկին պաշտոնյաների, թե անձամբ ում՝ չհստակեցրեց: Ավելի ուշ Պապոյանը որոշեց ջնջել աղմկահարույց հրապարակումն իր էջից:
Նախարարության խոսնակ Լիլիթ Շաբոյանն «Ազատությանն» ասաց՝ հրապարակումը հեռացվել է ավելորդ շահարկումներից խուսափելու համար, քանի որ այն շատերի կողմից չէր ընկալվել և սխալ էր մեկնաբանվում: Գրառումը ջնջելուց հետո էլ քննադատության ալիքը չմարեց, այսօր էլ սոցցանցերում ակտիվորեն տարածվում է դրա սքրինշոթը:
Պապոյանի պարզաբանումը շատերին չի համոզել:
«Ես էլ կատակով ասեցի՝ ինչ լավ է, որ պարզաբանեցիք, որ մեզ չի վերաբերվում: Մենք բոլորս հասկանում ենք՝ դա ում ա վերաբերվում, բոլոր նրանց, ովքեր ընդհանրապես խնդրահարույց են համարում Ամուլսարի շահագործումն էս տարիների ընթացքում», - ասաց «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը:
Իշխանությունները քննադատությունը չեն հանդուրժում, կարծում է «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահը. - «Երբ, որ պետք է, քաղաքացիները պարտավոր են հարկ վճարող քաղաքացիներ լինել, բայց երբ որ բանը հասնում ա նրան, որ քաղաքացին կարծիք ա արտահայտում, բողոքում ա և իրա դիրքորոշումն ա արտահայտում, վերածվում ենք շների»:
Սա քաղաքացիների հանդեպ վերաբերմունքն է ցույց տալիս, վստահ է իրավապաշտպանն Ժաննա Ալեքսանյանը: Նա հռետորական հարց է տալիս՝ ի՞նչ են ուզում իշխանությունները, որ քաղաքացիները ձայն չհանե՞ն:
«Իրենք ուզում են ասել, որ մենք ինչ կուզենք կանենք, ինչ անում ենք լավ ենք անում, իսկ դուք ով եք, որ խոսեք, Պապոյանն իրեն թույլ է տալիս, ասենք նա գաղափար էլ չունի, որ պետք ա, ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր, խոնարհվի քաղաքացիների առջև, այլ մտածում էր, որ այդ ցինիկ լկտի ոճը հենց պետք է իրենք կիրառեն», - ասաց Ալեքսանյանը:
Իր պաշտոնական էջից գրառումը հեռացրած Գևորգ Պապոյանի արդեն անձնական էջում դեռ կարելի է գտնել սկանդալային արտահայտությունը: Այստեղ էլ նախարարը կիսվել էր իր ղեկավարած գերատեսչության աշխատակցի ՀՆԱ-ի վերաբերյալ գրառմամբ ու «շունը հաչում է, քարավանը՝ գնում» արտահայտությամբ, որոշ «ծակ պրոֆեսորների» էր դիմել՝ անուններ չտալով:
Բոլորովին վերջերս էկոնոմիկայի նախարարը մեկ այլ հրապարակման համար քննադատության թիրախում հայտնվեց. էջում տեղադրած կարճ հոլովակում Հայաստանի պետական պարտքի մասին թերի տեղեկատվություն էր ներկայացրել: