Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ամեն ինչ գնում է նրան, որ հայաստանյան առևտրային բանկերի կողմից «Լիդիան Արմենիայի» վարկավորումը կյանքի կկոչվի:
«Ամեն ինչ գնում է նրան, որ տեղի է ունենում վարկավորումը: Այս պահին, իմ տպավորությամբ, խանգարող հանգամանքները հերթականությամբ լուծվում են», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը՝ հավելելով, որ նախ կլինի շինարարության, ապա արդեն հոկտեմբերից կմեկնարկի արդյունահանման փուլը:
Եվրասիական զարգացման բանկի ֆինասնավորման տապալումից հետո «Լիդիան Արմենիան» բանակցություններ է սկսել հայաստանյան առևտրային բանկերի հետ՝ 150 միլիոն դոլար ներդրում ներգրավելու համար։ Էկոնոմիկայի նախարարն ավելի վաղ վստահեցրել էր՝ տեղական բանկերը պատրաստ են նման չափի խոշոր ֆինանսավորում իրականացնել։ Ասել էր, որ բանակցությունները մինչև տարեվերջ կավարտվեն։
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է գործընթացը ձգձվում, Գևորգ Պապոյանն այսօր ասաց, որ 150 միլիոն դոլար վարկավորումը չի կարող արագ ու հեշտ լինել:
«Լիդիան Արմենիա» ընկերությունից էլ պնդել էին, թե Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի արդեն եկող տարվա աշնանից։
Հայաստանի կառավարությունն արդեն պաշտոնապես Ամուլսարի ներդրումային ծրագրի բաժնետերերից մեկն է։ Հանքարդյունաբերական ընկերությունն իր 12.5 տոկոս բաժնեմասերը նվիրել է գործադիրին։
Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ տարիներ շարունակ բնապահպաններին էին բողոքում՝ ահազանգելով, որ այն լուրջ բնապահպանական վնասներ կհասցնի հարակից համայնքներին։ «Լիդիանը» բազմիցս անդրադարձել է այս մտահոգություններին՝ վստահեցնելով, որ հանքվայրը շահագործելիս պահպանելու են միջազգային ամենաբարձր չափանիշները։