150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք Ամուլսարի շահագործման համար: Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող ընթացակարգով հաստատեց՝ «Արդշին, «Ակբա», «Այդի», «Ինեկո» և «Էվոկա» բանկերին երաշխիքներ կտա, որ նրանք 150 մլն տրամադրեն «Լիդիան Արմենիա»-ին: Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող ընկերությունն աշխատանքները վերսկսելու համար կարիք ունի նոր ֆինանսական միջոցների։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում գործարքը ռիսկային որակեց. «Կառավարությունը նախկինում ևս տրամադրել է բազմաթիվ երաշխիքներ, դա ևս պետք է հաշվի առնվի: Օրինակ՝ ՀՀ կառավարությունը երաշխավորել է Արցախի տարածքում վարկերի տրամադրումը, և հիմա այդ գումարները փաստացի ՀՀ կառավարությունը մաս առ մաս վճարում է Հայաստանի առևտրային բանկերին, որոնք տրամադրել են վարկ»:
Դեռ 2023-ի փետրվարին Էկոնոմիկայի նախարարության, «Լիդիան Արմենիայի» և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրվեց հուշագիր, որով «Լիդիան Արմենիան» բաժնետոմսերի 12.5 տոկոսը նվիրատվությամբ փոխանցեց կառավարությանը: Դրանով նաև նախատեսվում էր, որ «Լիդիանը» Եվրասիական զարգացման բանկից 100 միլիոն դոլարի վարկ կներգրավի:
Անցած նոյեմբերին «Սիվիլնեթը» պարզել էր, որ ԵԶԲ-ի կողմից վարկավորումը տապալվել է։ Պատճառը, ըստ բանկի, այն էր, որ «Լիդիան Արմենիան» հետ էր կանչել իր վարկային հայտը, իրենք էլ դադարեցրել էին ներքին բոլոր ընթացակարգերը, թեպետ մինչ այդ արդեն բնապահպանական ստուգումներ էին սկսել Ամուլսարի հանքավայրում։
Տնտեսագետ Պարսյանն ընդգծեց՝ կառավարությանը 12.5 տոկոս բաժնեմաս տալը քիչ է, «Լիդիան Արմենիան» բավականին մեծ ներդրումներ պահանջող ընկերություն է, ընդ որում՝ արդեն իսկ 300 մլն դոլար ներդրված է, իսկ կառավարությունը եթե երաշխավոր չլինի, «Լիդիանում» արդեն արված ներդրումները կասկածի տակ կլինեն:
«Հաշվի առնելով այս ծրագրի ռիսկայնությունը և ապագա հնարավոր ներդրումները, որ պետք է արվեն, այս 150 միլիոն դոլարը բավարար չէ, և նախորդ կատարված ներդրումները կկորեն, եթե այս կառավարությունը երաշխիք չտրամադրի: Սա պետք է գնահատենք», - շեշտեց տնտեսագետը:
ԵԶԲ-ի կողմից հանքավայրի ֆինանսավորման ձախողումից հետո «Լիդիան Արմենիան» ու կառավարությունը սկսեցին Հայաստանի բանկերից վարկ ներգրավելու գործընթաց։ Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգից այս գումարն ընկերությունը պետք է ներգրավի 6 ամսվա ընթացքում, վարկի մարման ժամկետը 5 տարի է։ Մինչ բյուջետային երաշխիքի տրամադրումը կառավարությունը հաշվապահական-աուդիտորական BDO ընկերության միջոցով ուսումնասիրել է «Լիդիան Արմենիայի» ֆինանսական կենսունակությունը, ու դրա հիման վրա Էկոնոմիկայի նախարարությունը նշել է՝ միջազգային շուկաներում ոսկու գները, ինչպես նաև երաշխիքի տրամադրումը դրական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա՝ նպաստելով ՀՆԱ-ի 1-1.5 տոկոս աճին։
Նախագծի հիմնավորման մեջ ասված է. «Ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տևողության ընթացում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ։ Հանքի շահագործումը կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար, իր մասշտաբի շնորհիվ կձևավորի առաջարկի և պահանջարկի կայուն արժեշղթաներ»:
Հայաստանում պետական պարտքի մասին օրենքը սահմանում է, որ տրամադրվող երաշխիքի գումարը չպետք է գերազանցի երաշխիք ստացողի՝ տվյալ դեպքում «Լիդիան Արմենիայի» ակտիվների 20 տոկոսը։ Ընկերությունում ակտիվների վերջին գնահատումը կատարվել է 2023-ի դեկտեմբերի 31-ին, ու գնահատված ակտիվների արժեքը կազմել է 383.6 մլն դոլար։ Էկոնոմիկայի նախարարությունը «Լիդիան Արմենիայից» պահանջել է մինչ վարկի ստացումը՝ 6 ամսվա ընթացքում, իրականացնել ակտիվների նոր գնահատում։ Ամուլսարի ոսկու հանքավայրը կարող է շահագործվել 25 տարի, կառավարությունն ակնկալում է տարեկան մինչև 100 միլիոն դոլարի հարկային եկամուտներ ստանալ։
Կստանա, թե, ոչ Սուրեն Պարսյանը չի կարող կանխատեսել, բայց ռիսկեր տեսնում է. «Այս ծրագիրը ոչ միայն բնապահպանական, այլև անվտանագային ռիսկեր ունի՝ պայմանավորված, որ Ջերմուկում ադրբեջանիցները բավականին մոտ են ու կարող են ռազմական գործողություններ կատարել: Ներդրողների համար կարևոր է լինելու ոչ միայն կառավարության մասնակցությունը, այլ նաև անվտանգային երաշխիքը, քանի դեռ անվտանգային երաշխիքը չկա, քիչ հավանական է, որ ներդրողները մեծ գումարներ այս ուղղությամբ կներդնեն»:
Էկոնոմիայի նախարար Գևորգ Պապոյանն ամսվա սկզբին, սակայն, հայտարարել էր, թե հանքավայրի շահագործմանը խանգարող հանգամանքները հերթականությամբ լուծվում են, ավելին՝ հանքի շահագործման ժամկետ էր նշել. «Կունենանք սկզբից շինարարության փուլ, հետո արդեն արդյունահանման փուլ, պլանավորում ենք, որ հոկտեմբերից արդեն արդյունահանում տեղի ունենա»:
Ամուլսարի ոսկու պաշարները գնահատվում են մոտ 73 տոննա։ Հանքավայրի շահագործման դեմ բողոքի ցույցեր էին մինչև 2018-ի հեղափոխությունը։ Դրանից հետո բնապահպան-ակտիվիստները և տեղի բնակիչները երկար ժամանակ փակ էին պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել հանքարդյունաբերական ծրագիրը՝ մտահոգություն հայտնելով դրա բնապահպանական վտանգների մասին։ Ոսկու հանքավայրի շահագործման գործընթացում հնարավոր խախտումների մասով հարուցվեց քրեական վարույթ, անցկացվեցին փորձաքննություններ, իսկ վարույթը 2021-ի դեկտեմբերին կարճվեց։