Մատչելիության հղումներ

Երևանը նպատակահարմար չի համարում հայ-ադրբեջանական բանակցությունները «3+3» հարթակում շարունակել. Միրզոյան


Պաշտոնական Երևանը նպատակահարմար չի համարում հայ-ադրբեջանական բանակցությունները «3+3» հարթակում շարունակել, այսօր խորհրդարանում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այդ հարթակում ավարտելու առաջարկը Մոսկվան, Անկարան ու Թեհրանը կողմերին արել էին անցած շաբաթ «3+3» հարթակի հավաքի ժամանակ։

Արտգործնախարար Միրզոյանն այսօր պնդեց, թե ըստ էության, սեղանին այդպիսի առաջարկ չկա էլ: Բաքվից, ի դեպ, մինչ այժմ հրապարակային չեն արձագանքել։

«Եվ եթե լինի էլ, մենք նպատակահարման չենք գտնում դրան դրական արձագանքել, որովհետև մենք Ադրբեջանի հետ ունենք երկկողմ բանակցությունների ձևաչափ, ընդ որում, բոլոր ուղղություններով՝ և՛ սահմանազատման, և՛ խաղաղության պայմանագրի շուրջ, և՛ հարաբերությունների կարգավորման», - նշեց ԱԳ նախարարը:

Այդուհանդերձ Արարատ Միրզոյանը ընդգծեց, թե այդ հարթակը և տարածաշրջանի գործընկերների հետ հարաբերությունները կարևորում են, ուստի հետագայում էլ կմասնակցեն այդ ձևաչափով քննարկումներին: Նախարարն անդրադարձավ նաև դրա շրջանակում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը՝ առանց էական մանրամասներ հայտնելու:

«Մենք ունեցանք բանակցությունների հերթական ռաունդը, կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք էլի դրական զարգացում ապահովել և մոտեցնել հնարավոր շուտափույթ պայմանագրի կնքումը», - ասաց նա:

Այդ հանդիպումից հետո Բաքուն շարունակում է պահանջներ ներկայացնել Երևանին, ինչպե՞ս է նախարարը վերաբերում այս փաստին, Միրզոյանն ասաց, թե դա Երևանին չի շեղի օր առաջ խաղաղության պայմանագիր ստորագրելու օրակարգից և կոչ արեց Բաքվին առավել կառուցողական ներգրավվել բանակցություններում:

Հայ-թուրքական կարգավորման մասին

Արարատ Միրզոյանը խոսեց նաև հայ-թուրքական կարգավորումից: Նախորդ շաբաթ Ստամբուլում Հայաստանի արտգործնախարարը նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ էր հանդիպում ունեցել: Միրզոյանն այսօր մանրամասնեց՝ բովանդակային քննարկում են ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցերի շուրջ:

Կոնկրետ Հայաստան-Թուրքիա կարգավորման վերաբերյալ Արարատ Միրզոյանն ասաց. «Ես զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերևս այս անգամ մի փոքր ավելի պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը բավականին դրական բովանդակություն ունի և հույսս այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ»:

Նախարարը չմանրամասնեց՝ առաջիկայում ինչ առաջընթաց են ակնկալում, իսկ մինչ այս առաջընթաց համարեց օդային տարածքի օգտագործումը: Ու թեև մինչ օրս երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել, Միրզոյանը նշեց, թե վստահության ամրապնդման համար թուրքական կողմի հետ ծրագրեր ունեն:

«Կան որոշակի վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք մենք պլանավորում ենք համատեղ անել: Իհարկե, մենք ունեինք պայմանավորվածություն և այդ պայմանավորվածության համաձայն, սահմանը պետք է մասնակի բաց լիներ, ցավոք, այժմ դա դեռ իրականություն չի, բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ», - ընդգծեց ԱԳ նախարարը:

Սահմանազատման կանոնակարգը հնարավորություն կտա վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

Եթե հարցուպատասխանի ժամանակ իշխանական պատգամավորներին հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցությունների ընթացքն էր հետաքրքրում, ընդդիմադիրները կենտրոնացել էին սահմանազատման կանոնակարգի և ինչպես իրենք են ասում դրանից բխող վտանգների վրա: Փաստաթուղթն այսօր է խորհրդարանը վավերացրել՝ առանց ընդդիմադիրների:

Վարչապետ Փաշինյանն այսօր պնդեց, թե այս փաստաթուղթը հնարավորություն կտա վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կրկին շեշտեց՝ Հայաստանն օկուպացված ավելի քան 200 քառակուսի կմ տարածքը ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դրել:

«Սահմանազատման գործընթացը տալու է և տալիս է բոլոր հնարավորությունները՝ խաղաղ բանակցային ճանապարհով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ամբողջականությունը և անվտանգությունն ապահովելու», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Բաքուն մինչդեռ սահմանազատման կանոնակարգի վավերացման ուղղությամբ հրապարակային որևէ գործընթացի մասին չի հաղորդում:

Հայ պաշտոնյաները ևս չեն ասում՝ տեղյա՞կ են արդյոք կանոնակարգի վավերացման ուղղությամբ ինչ է արել ադրբեջանական կողմը: Երևանում միայն գիտեն, որ օգոստոսի 31-ի դրությամբ Բաքուն այն չի վավերացրել:

Ընդդիմությունից այսօր կրկին հարցրին՝ ինչո՞ւ կանոնակարգում չկա քարտեզ: Փաշինյանը նշեց՝ Հայաստանի դե յուրե սահմանների բոլոր քարտեզներն ունեն, որոնք մեկ կամ երկու հատ չեն, բայց մեկ միասնական քարտեզ չկա:

«Չի կարա էդպիսի բան լինի, դուք պատկերացնո՞ւմ եք, որովհետև էդ մասշտաբ չունեցող քարտեզ է», - նշեց վարչապետը:

Մինչդեռ Փաշինյանն ինքն է նախկինում հայտարարել. - «Մենք ասում ենք՝ ամբողջ սահմանագիծը մենք պատրաստ ենք ընդունել, 1975 թվականի քարտեզներով»:

Ի դեպ, արտգործնախարարն այսօր տեղեկացրեց, թե Բրյուսելը լրջորեն դիտարկում է Եվրամիության քաղաքացիական առաքելության երկարաձգման հարցը, որին Երևանը կողմ է։

Առաքելության ժամկետը լրանում է փետրվարին, մինչ այդ Ադրբեջանը պարբերաբար դժգոհում է հայ- ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից տեղակայված դիտորդներից, ավելին նրանց մեղադրում լրտեսության մեջ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG