Մատչելիության հղումներ

Երևանը նպատակահարմար չի գտնում դրական արձագանքել «3+3» հարթակում Բաքվի հետ բանակցելու առաջարկին. Միրզոյան


Երևանը նպատակահարմար չի գտնում դրական արձագանքել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները «3+3» հարթակ տեղափոխելուն, այսօր խորհրդարանում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ինչ վերաբերում հարցին, թե ինչպես կարող է այս հարթակը լինել կամ չլինել Հայաստան - Ադրբեջան բանակցությունների հարթակ, ապա այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ դրված սեղանին, բայց եթե լինի էլ մենք նպատակահարման չենք գտնում դրան դրական արձագանքելու: Մենք Ադրբեջանի հետ ունենք երկկողմ բանակցությունների ձևաչափ, ընդ որում, բոլոր ուղղություններով՝ և՛ սահմանազատման, և՛ խաղաղության պայմանագրի շուրջ: Այլ բան, որ ինչպես տարբեր բազմակողմ միջոցառումների ընթացքում, տարբեր երկրների նախարարներ օգտագործում են առիթը բանակցելու, այս անգամ մենք էլ բացառություն չէինք, ունեցանք հերթական ռաունդը, կենտրոնացանք խաղաղության պայմանագրի վրա, փորձեցինք էլի դրական զարգացումը ապահովել և մոտեցնել հնարավոր շուտափույթ պայմանագրի կնքումը», - մանրամասնեց Միրզոյանը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր անցած շաբաթվա վերջին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպման ավարտին հայտարարել՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը Երևանին ու Բաքվին առաջարկել են «3+3»-ի հարթակն օգտագործել՝ ավարտին հասցնելու խաղաղության համաձայնագրի աշխատանքները Լավրովի հայտարարությունից հետո Ստամբուլում դեմ առ դեմ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Անդրադառնալով խնդրին, որ դրանից հետո էլ Բաքուն շարունակում է կոշտ հռետորաբանությունը, Միրզոյանն ասաց, թե առաջին անգամը չէ, որ ոչ կառուցողական մոտեցում են նկատում Բաքվից, ապա հավելեց. «Բայց դա մեզ չի շեղում մեր ռազմավարությունից, օր առաջ խաղաղության պայմանագրի ստորագրումը իրականություն դարձնելու համար»:

Արտգործնախարարն անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, ասաց՝ երկխոսությունը դրական հունով զարգանում է:

«Մենք ունենք շոշափելի առաջընթաց, այդ թվում՝ օդային տարածքից օգտվելու, կան որոշակի վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք պլանավորում ենք համատեղ անել: Իհարկե, սահմանը պետք է բաց լիներ, ցավոք այն իրականություն չի դեռ, բայց կաշխատենք այդ ուղղությամբ», - ընդգծեց Միրզոյանը:

Թե ինչ միջոցառումների մասին է խոսքը նախարարը չպարզաբանեց:

Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում օրերս հանդիպել էին Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։

Ավելի մանրամասն՝ այստեղ.

XS
SM
MD
LG