Մատչելիության հղումներ

ԱԺ-ը քննարկեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի վավերացման հարցն առանց ընդդիմության


Հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի վավերացման հարցն Ազգային ժողովը քննարկեց առանց ընդդիմության՝ ընդամենը կես ժամում:

Մինչ հիմնական զեկուցող, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կներկայացներ նախագիծը՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտնեցի իրենց բացասական դիրքորոշումը, ապա լքեցին դահլիճը:

«Հայաստան» խմբակցությունը, որ երեկ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ակտիվորեն հարցեր էր ուղղում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, այսօր դժգոհ էր արդյունքներից: Արմեն Ռուստամյանը հայտարարեց՝ իրենց մտահոգությունները ոչ թե փարատվել, այլ ամրապնդվել են, որ կանոնակարգի վավերացումը հակասում է Հայաստանի պետական շահին:

«Հայաստան» խմբակցությունն այս հակաօրինական գործընթացին չի մասնակցելու, որովհետև մասնակցությունը կարող է մեկնաբանվել նաև իրավաչափության ճանաչում, ուստի մենք ոչ քվեարկությքանը, ոչ էլ քննարկմանը չենք մասնակցելու», - ասաց Ռուստամյանը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց. - «Եկել եք օրակարգի քննարկման ժամանակ քննարկում եք այն, ինչը հիմա պատրաստվում եք բոյկոտել: Եթե ասելիք ունեք, մնացեք ասեք, կամ եթե լեգիտիմացնում եք դրա մասին խոսելով, լեգիտիմացրեցիք արդեն»:

Ընդդիմադիր և իշխանական պատգամավորներն այսպես մոտ կես ժամ վիճեցին, թե ինչու է Հայաստանը կանոնակարգը վավերացնում այն դեպքում, երբ Բաքուն այդ ուղղությամբ դեռ ոչինչ չի արել:

Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որ երեկվա քննարկման ներկա չէր, այսօր էլ շատ չծավալվեց:

Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նախ նշեց, թե կանոնակարգը չի ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով անցնում է: Հիշեցրեց, որ կանոնակարգի սահմանադրականությունը քննելիս Սահմանադրական դատարանը հարցին չվերաբերող մեկնաբանությամբ է հանդես եկել, ապա հայտարարեց. - «Հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների արդարացում ծառայելու հետագայում, հենց այդ և մի շարք այլ պատճառներով «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել և չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը»:

Փաստաթուղթը, որն այսօր խորհրդարանում քննարկվեց, նախատեսում է, թե ինչպես պետք է իրականացվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը: Միակ հիմնական սկզբունքը, որ այնտեղ ամրագրված է 91 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, բայց առանց հստակ քարտեզների: Կանոնակարգի վավերացումից հետո միայն հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները կքննարկեն և կհամաձայնեցնեն սահմանազատվող մյուս հատվածները, կանդրադառնան նաև անկլավներին ու էքսկլավներին:

Հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը ինչպես երեկ, այնպես էլ այսօր հատուկ ընդգծում էր, թե սահմանազատման հանձնաժողովները բոլոր հարցերը լուծելու են կոնսենսուսով:

«Չկա մի իրավիճակ, որը վերաբերելի կլինի մեր կողմին կամ Ադրբեջանի կողմին, որի պարագայում կողմերը կդնեն պահանջ», - նշեց Գրիգորյանը:

Ի՞նչ կլինի, եթե կանոնակարգի վավերացումից հետո՝ սահմանազատման հաջորդ փուլերում Ադրբեջանը դիմի արգեսիայի, հարցը իշխանական Սերգեյ Բագրատյանին էր հետաքրքրում, փոխվարչապետը վստահեցրեց՝ կանոնակարգը հենց դրա համար է, որ վեճերը ուժով չլուծվեն:

«Շատ տարօրինակ կլին, որ այս կամ այն վիճելի խնդիրը կողմերը լուծեն ռազմական ճանապարհով: Մենք առիթ չենք տվել, որպեսզի նման բան տեղի ունեն», - ընդգծեց Գրիգորյանը:

Մհեր Գրիգորյանը կարծում է՝ այդ առումով հանձնաժողովներն արդյունավետ են աշխատել: Սա այն դեպքում, երբ հենց սահմանազատման ադրբեջանական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը մարտի սկզբին հերթական հանդիպումից հետո հայտարարում էր, թե Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի հատվածի չորս գյուղերը:

Դրանից հետո արդեն Հայաստանից ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով հայտարարվեց՝ եթե նախկին ադրբեջանական գյուղերը չվերադարձնեն, պատերազմ կլինի: Հայ բանակցողներն այսօր չունեն հստակ պատասխան՝ արդյոք սահմանազատումը շարունակական կլինի և Բաքուն դուրս կգա Հայաստանից օկուպացված տարածքներից, որն ըստ Ազգային ժողովի նախագահի, մանրուք է:

«Մենք չենք քննարկել էդ մանրուքը, մենք քննարկել ենք, որ սկզբունքներ են սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք էն տեղերից, որտեղ որ մենք ենք առաջ: Չէ՞ որ սահմանի վրա, որը դեռ դելիմիտացված չի և դեմարկացված չի, պարզ չի՝ որտեղ ինչ է անցնում, և մենք վերարտադրում ենք այն քարտեզը, որով անկախացել ենք», - նշեց Ալեն Սիմոնյանը:

Թե որ տարածքներից դուրս գալու մասին է խոսում Ազգային ժողովի նախագահը, հայտնի չէ, բայց այսօր առավոտյան մինչ նիստի օրակարգին անցնելը ընդդիմադիրներն Ալեն Սիմոնյանին քննադատեցին նրա մեկ այլ հայտարարության համար, որը խորհրդարանի խոսնակն արել էր «Ազատությանը» տված հարցազրույցում՝ պնդելով, թե Ղարաբաղի վրա հարձակվելը և Հայաստանից տարածքներ օկուպացնելը տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։

«Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև», - ասել է Սիմոնյանը:

«Ազատության» դիտարկմանը՝ բայց, խնդիրը չպիտի լուծվեր ռազմական ճանապարհով, ԱԺ նախագահը պատասխանել է. - «Իհարկե, դրա մասին չի խոսքը։ Մենք ընդհանրապես այդ խնդիրը և պատերազմը որևիցե ձևով չի կարող արդարացված լինել»։

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը այսօր հակադարձեց, թե դրանք Արցախի վրա հարձակման իրավական հիմքեր Ադրբեջանին չեն տվել. - «Հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ, քանի որ ՄԱԿ-ի բանաձևերը ուներ, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»:

Ալեն Սիմոնյանը, որ 44-օրյա պատերազմից և 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո աներկբա պնդում էր, թե Արցախն ապագա ունի, այսօր նույն վստահությամբ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու մասին հայտարարեց. - «Այդ տարածքը, ինչի մասին մենք խոսում ենք, միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»:

Հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի նախագիծը քվեարկության կդրվի վաղը, իշխանության ձայները բավարար են այն վավերացնելու համար:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG