Ազգային ժողովը ձայների 27 կողմ, 51 դեմ հարաբերակցությամբ մերժեց ընդդիմության ներկայացրած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցը։
Նախագծի հեղինակներից ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց․ - «Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և կոչվում է պիլոտային սահմանազատում, իրականում Հայաստանի Հանրապետությունը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է։ Որպեսզի դա կանխենք, մենք փորձ արեցինք որպեսզի Ազգային ժողովն ընդունի հայտարարություն, որպեսզի այդ հայտարարությունով կանոնակարգենք այն գործընթացը, որ այսօրվա իշխանությունները ոգևորության պահին կոչում են սահմանազատում, այն է՝ հասկանանք, թե ինչ հիմքով է տեղի ունենում սահմանազատումը»։
Նախագծի հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագրից» Մարիա Կարապետյանը հակադարձեց՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի միլիմետր ոչ զիջվում է, ոչ էլ փոխանակվում։
«Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում ոչ մեկի, այս պահին ընթացող սահամանզատման և սահմանագծման գործընթացները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրության գործընթացներ՝ գործող, գոյություն ունեցող Հայաստանի պետական սահմանի վերարտադրության գործընթաց, այդ սահմանի վրա կարելի է սյուն տեղադրել», - ասաց Կարապետյանը՝ նշելով, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Դաշնակցության և կայսրության համատեղ նախագիծն ու մերժել այն՝ քանի որ Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է և Դաշնակցության ցանկությունն ունենալ ավելի մեծ Հայաստան, ըստ իշխանական պատգամավորի, «օգտագործվում է կայսրության կողմից հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի կամ Հայաստանի առհասարակ պետականության վերացման»։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ նախագիծը պարունակում է վտանգներ Հայաստանի Հանրապետության պետականության համար և խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
Երեկ Հայաստանի կառավարությունը հաղորդեց, որ արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել Տավուշում սահմանազատման գործընթացի դեմ։ Տավուշցիները նշում են, որ միակողմանի զիջումներ են արվում, իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: