Մատչելիության հղումներ

Դատախազությունը ՔԿ է ուղարկել վարչապետին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը


Գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտե է ուղարկել փաստաբանների ներկայացրած՝ վարչապետին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը, խորհրդարանում հայտնեց դատախազ Աննա Վարդապետյանը։

Անցած շաբաթ փաստաբաններ Արա Զոհրաբյանն ու Հայկ Նահապետյանն էին քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Գլխավոր դատախազություն` վարչապետ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, ինչպես իրենք են պնդել, Տավուշում Հայաստանի ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։

«Մենք հաղորդումներն ուղարկում ենք վարույթն իրականացնող մարմնին՝ առաջարկելով քննարկել վարույթ նախաձեռնելու հարցը, հետո էլ դատախազական հսկողություն ունենք այդ գործառույթների հետ կապված»,- նշեց նա ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով գլխավոր դատախազ, վարչապետի նախկին օգնական Վարդապետյանին, ասաց՝ Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, ապա հարցրեց՝ դատախազությունն անելիք չունի՞, չկա՞ նախականխիչ գործողություններ անելու անհրաժեշտություն։

«Դատախազության լիազորությունները շատ հստակ են Սահմանադրության մեջ, մենք մինչդատական վարույթի նկատմամբ դատավարական ղեկավարում ենք իրականացնում և մինչդատական վարույթի շրջանակում ենք կոնկրետ հարցերի անդրադառնում և Ձեր ակնկալած պարզաբանումները մենք տրամադրել չենք կարող»,- հարցին այսպես արձագանքեց գլխավոր դատախազը։

Տավուշում սահմանազատման գործընթացն ուղեկցվում է տարատեսակ ակցիաներով ինչպես տեղում, այնպես էլ մայրաքաղաքում ու Հայաստանի այլ մարզերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG