Հայաստան-Ադրբեջան սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է 35 սահմանային սյուն։ Ըստ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության՝ իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին:
«Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են», - նշված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը ևս նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել։
Կառավարությունը ապրիլի 26-ին հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սույն։
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։
Սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն ապրիլի 23-ին սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։
Ըստ այդ պայմանավորվածության՝ կողմերը «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ: