Մատչելիության հղումներ

Սահմանազատման գործընթացից հետո սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրական քայլ էր. Ալիև


ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի նախագահը
ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի նախագահը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Ալիևին անցյալ շաբաթվա հայտարարության համար, համաձայն որի Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար:

Պետքարտուղարը Ադրբեջանի նախագահին կոչ է արել շարունակել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ ջանքերին։

Ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ Ադրբեջանի նախագահականը հայտնեց, որ Ալիևն ընդգծել է, որ սահմանազատման գործընթացից հետո երկու երկրների սահմանին սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրական քայլ է։ Նա նշել է, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանում տարածաշրջանային համագործակցության ինտեգրված հարավկովկասյան մոդելի կառուցմանը՝ առանց բաժանարար գծերի։

Մինչ այժմ հայտարարվել է Հայաստան - Ադրբեջան սահմանին ընդհանուր թվով 28 սահմանային սյան տեղադրման մասին:

Պետքարտուղար Բլինքենը նաև կրկին կոչ է արել Ադրբեջանին պահպանել միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG