Մատչելիության հղումներ

Արևմտյան մի շարք երկրներ դատապարտել են Իսրայելի դեմ Իրանի հարձակումը


Եվրամիությունը խստորեն դատապարտում է Իսրայելի դեմ Իրանի անընդունելի հարձակումը, հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք` տարածաշրջանային անվտանգության համար»,-X-ում գրել է Բորելը։

Իրանի հարձակումը դատապարտել և Իսրայելին աջակցություն է հայտնել պաշտոնական Լոնդոնը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Իրանի հարձակումն Իսրայելի դեմ անխոհեմ է որակել և շեշտել, որ Միացյալ Թագավորությունը «կշարունակի պաշտպանել Իսրայելի անվտանգությունը և տարածարջանի մեր բոլոր գործընկերներին»։

Պաշտոնական Փարիզը ևս վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը։

«Նման աննախադեպ գործողությունների դիմելով՝ Իրանը նոր սահմանագիծ է անցնում իրավիճակի ապակայունացման իր գործողություններում և մեծացնում ռազմական էսկալացիայի վտանգը», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։

Նիդեռլանդները հայտարարել է, որ Իրանի հարձակումից հետո իրավիճակը Մերձավոր Արևելքում «շատ մտահոգիչ է»:

Վարչապետ Մարկ Ռյուտեն X-ում գրել է, որ ավելի վաղ Նիդեռլանդները և «մյուս երկրները բարձրաձայն և հստակ ասել են Իրանին` զերծ մնալ Իսրայելի վրա հարձակվելուց»:

Իրանը ԱԹՍ-ներով հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ։

  • Իրանը նախազգուշացրել էր, որ Իսրայելը «կպատժվի» ապրիլի 1-ի Դամասկոսում իր հյուպատոսությանը հարվածելու համար, որի հետևանքով զոհվել են Հեղափոխության կորպուսի յոթ պահապաններ, այդ թվում՝ երկու գեներալ։
  • Անցած հոկտեմբերից Իսրայելի և «Համաս»-ի միջև շարունակվող հակամարտության ընթացքում Իրանը խուսափում էր Իսրայելի հետ ուղիղ առճակատումից, սակայն Դամասկոսի հարձակումը սրեց իրավիճակը։
  • Իսրայելը այդ հարվածի պատասխանատվությունը չի ստանձնել, թեև մինչ այդ ընդունել էր, վերջին տարիներին հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող այն օբյեկտներին, որոնք, ըստ նրա, կապված են Իրանի հետ:
  • Նախագահ Բայդենը խոստացել է «երկաթե» աջակցություն» տրամադրել Իսրայելին Իրանի կողմից հարվածի դեպքում։ Անօդաչուների արձակումից հետո նա, ըստ Սպիտակ տան, ընդհատել է հանգիստն ու շտապ վերադարձել է Վաշինգտոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG