Մատչելիության հղումներ

«Շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրին»․ Պետդեպի արձագանքը Փաշինյանի՝ սահմանազատման մասին հայտարարությանը


Վաշինգտոնը շարունակում է մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են անհանգստացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունով, թե պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանի արագ սահմանազատում։

«Ոչ միայն քարտուղարը, այլև պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը, ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն կենտրոնացած են այս հարցի վրա՝ շփվելով կողմերի հետ», - ասել է Պատելը։

Տավուշում Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պաշտոնական Երևանի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալը։ Փաշինյանը շեշտել էր՝ սա է պատճառը, որ որոշել են գնալ այս հատվածներում Հայաստանի սահմանի ճշգրտմանը։

Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Վարչապետն ուղիղ հայտարարում է՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու, իսկ ընդդիմանալու վերջը, ըստ գործադիրի ղեկավարի, մոտալուտ պատերազմը կլինի։

XS
SM
MD
LG