Մատչելիության հղումներ

«Կեսօրն առանց Պուտինի» ակցիան՝ նաև Գյումրիում


«Կեսօրն առանց Պուտինի» ակցիայի մասնակիցները ծափերով ողջունեցին անցնող մեքենայի վարորդին, որը հյուպատոսարանի մոտ հայտարարեց՝ «Путин убыйца, кравасос»։

Քաղաքացիները Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարան էին եկել՝ նախագահական ընտրություններին մասնակցելու, ու, ինչպես իրենք էին ասում, Վլադիմիր Պուտինին դեմ քվեարկելու համար։

«Ես այստեղ եմ Պուտինի դեմ քվեարկելու «Կեսօրն առանց Պուտինի» ակցիայի շրջանակներում։ Ես անվավեր կդարձնեմ քվեաթերթիկը, կգրեմ, թե ինչ եմ մտածում գործող իշխանությունների ու Պուտինի մասին։ Չէի մտածում, որ այսքան մարդ կգա», - ասաց ռուսներից մեկը։

«Կեսօրն առանց Պուտինի» ակցիան ինձ համար հնարավորություն է ծանոթանալու մարդկանց հետ, ովքեր ունեն նույն հայացքները։ Սա մարդկանց կարող է պայքարելու ու չհանձնվելու ուժ տալ, որ այս քաղաքում այսքան մարդ մեր շրջապատում կիսում է մեր հայացքները Պուտինի, Ռուսաստանի իշխանությունների ու պատերազմի դեմ», - նշեց մյուսը։

Հյուպատոսարանի մուտքի մոտ ցուցանակ կար, որ չի թույլատրվում տեղամաս մուտք գործել հեռախոսով, պայուսակով կամ հեղուկով։ Դրսում հատուկ պահոցներ էին դրված իրերի համար։ Ընտրողներն ասում էին՝ Ընտրական օրենսգրքում նման դրույթ չկա, թե հեռախոսը տեղամասում արգելված է. - «Կարդացի, օրենքով բջջային հեռախոսների մասին կոնկրետ ոչինչ չկար, բայց ցավոք, այնտեղ կար նշում, որ դեսպանատների ղեկավարներն են հաստատում այցելության կարգը և եթե ոչ օրենքով, ապա կարող են բանավոր հրահանգով արգելել»։

Ընտրողներից մեկը հենց այս պատճառով հրաժարվեց մտնել տեղամաս ու քվեարկել։

«Ինձ ասացին, որ եթե ես իմ անձնական իրերը չտամ, ինձ չեն թողնի շենք մտնել, այսինքն՝ ես փողոցից չկարողացա մուտք գործել հյուպատոսարան։ Ես կարծում եմ, որ սա իմ ընտրական իրավունքի խախտում է, ես ակտ եմ կազմել և երեկոյան այն կուղարկեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ բողոքով, որ իմ իրավունքները խախտվել են», - ասաց նա։

Ընտրական տեղամասի մոտ Голасуй за рубежом շարժման մի խումբ կամավորներ էքզիթ փոլ էին իրականացնում, որպեսզի քվեարկության ավարտից հետո հրապարակած տվյալները համեմատեն։ Այն համակարգողն ասաց՝ մարդիկ բավականին բաց խոսում են իրենց քվեարկության մասին. - «Ունենք հարցման մի քանի ձև՝ բանավոր հարցում՝ եթե մարդիկ կաշկանդվում են կամ չեն ուզում մեզ ինչ-որ բան ասել, ունենք հատուկ բլանկներ, որոնք անանուն են լրացնում ու գցում արկղը։ Քյուար կոդ ենք տրամադրում, որի միջոցով տանը կարող են լրացնել, թե ում օգտին են քվեարկել»։

Չնայած Ռուսաստանում ու արտերկրում անցկացվող այս ակցիաներին՝ գրեթե ոչ քո չի կասկածում, որ Պուտինը հինգերորդ անգամ հաղթելու է։ Ասում էին՝ բարձր թվեր կնկարեն. - «Կարծում եմ՝ 76 տոկոս կնկարեն, բայց իրականում շատ քիչ մարդ կքվեարկի նրա օգտին՝ երևի 30 տոկոս, եկեք ազնիվ լինենք»։

Գյումրիում ևս 3 տեղամաս է գործում։ Դրանք ռուսական 102-րդ ռազմաբազայում են, որտեղ քվեարկում են զինվորականները։

XS
SM
MD
LG