Մատչելիության հղումներ

Ռուսաստանում քվեարկության վերջին օրն է. կեսօրին ակցիա է սպասվում


Ռուսաստանում ընթանում է նախագահական ընտրությունների քվեարկության երրորդ՝ վերջին օրը։

Այսօր ժամը 12-ին ընտրատեղամասեր եկողներին Մոսկվայի դատախազությունը սպառնացել է քրեական պատասխանատվության ենթարկել։ Ընդդիմությունը կեսօրին նախատեսված ակցիան անվանել է «Կեսօրն ընդդեմ Պուտինի»։ Դրա մասնակիցները ծրագրում են միաժամանակ հավաքվել՝ քվեարկելու գործող նախագահի դեմ կամ անվավեր դարձնելու քվեաթերթիկը՝ դրանով իսկ ցույց տալով, որ Ռուսաստանում Պուտինի քաղաքականության հակառակորդներ կան, և նրանք կարող են ապահով հավաքվել մեկ վայրում։

Ակցիայի գաղափարը Սանկտ Պետերբուրգի տեղական խորհրդարանի նախկին պատգամավոր Մաքսիմ Ռեզնիկինն է։ Նրան աջակցում էին ընդդիմադիր քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ալեքսեյ Նավալնին մահից անմիջապես առաջ:

Քվեարկության առաջին օրը՝ մարտի 15-ին, ընտրողների մասնակցությունը գերազանցել է 38 տոկոսը, երկրորդին՝ 60 տոկոսը։ Եղել են ընտրատեղամասեր հրկիզելու և քվեաթերթիկներ վնասելու փորձեր։

«Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիայց առաջ մի շարք վայրերի
ընտրատեղամասերում նկատելի հերթեր են գոյացել։ Տեղական իշխանությունները դրանք բացատրել է «անվտանգության միջոցառումների ուժեղացմամբ»:

Նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, Նիկոլայ Խարիտոնովը Կոմունիստական կուսակցությունից, Վլադիսլավ Դավանկովը «Նոր մարդիկ» (Новые люди) կուսակցությունից և ինքնառաջադրված Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի գործող նախագահը հինգերորդ անգամ է առաջադրվել: Նա 2000 թվականից է ղեկավարում Դաշնությունը: Ենթադրվում է, որ նա քվեների մեծ առավելությամբ կհաղթի առաջին փուլում:

Ռուսաստանի կողմից զավթված ուկրաինական բնակավայրերում «ընտրություններն» ավելի վաղ են սկսվել: Կիևը և արևմտյան երկրները հայտնել են, որ չեն ճանաչելու դրանց արդյունքները:

Ռուսաստանում և արտերկրում իրավապաշտպանները ոչ մրցակցային և ոչ դեմոկրատական են համարում ռուսաստանյան ընտրությունները, նշելով, որ Կրեմլը բիրտ միջոցներով լռեցնում է բոլոր ընդդիմադիրներին և անկախ քաղաքական ու հանրային գործիչներին:

XS
SM
MD
LG