Ռուսաստանում մեկնարկել են եռօրյա նախագահական ընտրությունները, որոնք կավարտվեն մարտի 17-ին։ Քվեարկության առաջին օրն իսկ արձանագրվել են Կրեմլի համար տհաճ միջադեպեր:
Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում երիտասարդ մի կին կանաչ հեղուկ է լցրել քվեատուփի մեջ, նրան բերման են ենթարկել ու մեղադրել ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար։ Նման դեպքեր են գրանցվել մի քանի այլ քաղաքներում ևս։ Իսկ Baza պորտալի հրապարակած տեսանյութում մի կին այրում է քվեախցիկը։ Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել Մոսկվայի Մարինո թաղամասում: Նման դեպք է տեղի ունեցել նաև Տյումենի մարզի Կոգալիմ քաղաքում։
Այս միջադեպերի ֆոնին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է արել ուժեղացնել քվեատուփերի անվտանգությունը։
Քվեաթերթիկում չորս թեկնածուի անուն կա՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը, Լեոնիդ Սլուցկին LDPR-ից և կոմունիստ Նիկոլայ Խարիտոնովը։ Պուտինի «մրցակիցները» ներկայացնում են Պետդումայի կուսակցությունները և հրապարակավ աջակցում են Ուկրաինայի դեմ Պուտինի սկսած պատերազմին։ Հետևաբար ոչ ոք չի կասկածում, որ Պուտինը հերթական՝ արդեն հինգերորդ հաղթանակը կտանի։
Այդուհանդերձ, կիրակի օրը ընդդիմությունը պատրաստվում է «Կեսօրն առանց Պուտինի» խորագրով բողոքի ակցիաներ անցկացնել։
Բանտում մահացած Ալեքսեյ Նավալնիի այրին ու թիմակիցները իրենց աջակիցներին կոչ են արել այդ օրը գնալ ընտրատեղամաս և/կա՛մ իրենց ձայնը տալ մյուս թեկնածուներին, կա՛մ էլ բոլորին դեմ քվեարկել։
«Դուք կարող եք ձեր ձայնը տալ ցանկացած այլ թեկնածուի, բացի Պուտինից։ Դուք կարող եք քվեաթերթիկի վրա մեծ տառերով գրել Նավալնի», - ասել է նա։
Բայց այս ակցիաները կարծես թե չեն անհանգստացնում իշխանությանը, «Մեդուզան» երեկ գրել էր՝ Կրեմլում կարծում են, որ դրանք մասսայական չեն լինի։
Ընտրություններում հիմնական ինտրիգն ընտրողների մասնակցությունն է։ Ռուսական անկախ աղբյուրները հայտնում են, որ պետական բոլոր կազմակերպություններին հրահանգվել է բարձր մասնակցություն ապահովել, և այսօր արդեն տեղամասերի տվյալները սրա մասին են վկայում։
Ըստ ԿԸՀ-ի՝ մի շարք մարզերում մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսը։ Լրատվամիջոցները և Տելեգրամ ալիքները հաղորդում են ընտրողներին ուղղորդելու բազմաթիվ դեպքերի մասին՝ քվեարկողները «զեկուցում են» իրենց գործատուներին, որ կատարել են քվեարկությունը։
Ընտրություններն անցկացվում են նաև բռնակցված Ղրիմում և Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի ու Զապորոժիեի գրավված շրջաններում։ Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել օկուպացված տարածքներում բնակվող համաքաղաքացիներին չմասնակցել քվեարկությանը։
Գերագույն ռադան էլ դիմել է միջազգային հանրությանը՝ Ուկրաինայի օկուպացված հատվածներում ընտրությունների անցկացումը դատապարտելու կոչով։
Արևմուտքը Ռուսաստանի նախագահական ընտրություններն արդար և թափանցիկ չի համարում, իսկ դաժան պայմաններով գաղութում մահացած Ալեքսեյ Նավալնիի կինն էլ կոչ է անում Արևմուտքին չճանաչել Պուտինին որպես լեգիտիմ նախագահ։
Կրեմլին այս կոչերը չեն մտահոգում, կարծում են անկախ վերլուծաբանները և հավելում, թե Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկատարի Կրեմլի պատվերը, և Պուտինն իր հինգերորդ ընտրություններին կստանա առնվազն 80 տոկոս։
Բայց Ռուսաստանի բոլոր շրջաններում չէ, որ նախագահական ընտրություններն անցնում են հանգիստ պայմաններում։
Բելգորոդում հրետակոծության պատճառով այսօր առավոտյան ընդհատվել է քվեարկությունը։
Հրթիռային հարձակման պատճառով քվեարկելու եկած մարդիկ լքել են ընտրատեղամասն ու թաքնվել։ Բացի այս, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև հաստատել է, որ երեկ պրոուկրաինական խմբերը թափանցել են Բելգորոդի մարզի Կոզինկա գյուղ։ Ռուսական և ուկրաինական աբյուրները հայտնում են, որ Կոզինկա ու էլի մի քանի գյուղերից մարդկանց տարհանել են։
Մի քանի օր է արդեն, ինչ Ուկրաինային սահմանամերձ Բելգորոդի և Կուրսկի մարզերում մարտեր են։ Ռուսական կողմը հաղորդում է, թե դիվերսատներին կա՛մ ոչնչացրել են, կա՛մ էլ նրանք բոլորը նահանջել են ուկրաինական տարածք։ Իսկ «Ազատություն Ռուսաստանի» լեգիոնը հայտարարում է, թե շարունակում է պուտինյան ռեժիմի դեմ իր գործողությունները և սահմանամերձ շրջանների բնակիչներին համար ամեն երեկո և գիշեր հումանիտար միջանցք է բացում։