Ռուսաստան նախագահական ընտրությունների առաջին օրը դաշնային հարթակում հեռավար էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել է ավելի քան մեկուկես միլիոն ընտրող:
Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ 28 շրջանների ընտրողներին արդեն տրվել է 1 միլիոն 501 հազար 898 քվեաթերթիկ: Այդպիսով, առցանց քվեարկության մասնակցությունը դաշնային հարթակում կազմել է 31 տոկոս:
Ընդհանուր առմամբ, 4 միլիոն 760 հազար քաղաքացի է մտադիր քվեարկել էլեկտրոնային տարբերակով:
Ռուսաստանի նախագահական ընտրություններն առաջին անգամ անցկացվում են եռօրյա ձևաչափոթվ՝ մարտի 15-ից 17-ը։
Դաշնության ամենաբարձր պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Վլադիսլավ Դավանկովը, Լեոնիդ Սլուցկին և Նիկոլայ Խարիտոնովը։
Վերլուծաբանների համոզմամբ, Պուտինը մեծ առավելությամբ կհաղթի հենց առաջին փուլում: Նա հինգերորդ անգամ է առաջադրվել և երկիրը ղեկավարում է 2000 թվականից:
Ռուսաստանցի և օտարերկրացի իրավապաշտպանների փոխանցմամբ, ինչպես և անցած, այդպես էլ այս ընտրությունները մրցակցային, թափանցիկ և դեմոկրատական չեն, քանի որ իրապես ընդդիմադիր հայացքներով հայտնի քաղաքական գործիչները հալածվել են, նետվել են բանտեր և զրկվել են առաջադրվելու իրավունքից: