Մատչելիության հղումներ

ՀՀ իշխանությունը չի բացառում՝ Ադրբեջանը կարող է Հայաստանի դեմ նաև պատերազմ սկսել


Դեռ մեկուկես ամիս առաջ Ադրբեջանի հետ խաղաղությունը շատ մոտ համարող Հայաստանի իշխանությունն այսօր չբացառեց, որ Ադրբեջանը կարող է ՀՀ-ի դեմ նաև պատերազմ սկսել:

«Ադրբեջանը շարունակում է վարել՝ «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում, ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը», - նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստի սկզբում Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանի ռազմական հարկադրանքի քաղաքականությունը չի փոխվել:

Չորս հայ դիրքապահի կյանք խլած սահմանային միջադեպից հետո առաջին հրապարակային ելույթում վարչապետն ասաց, թե Ադրբեջանը խոսում է 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ հրաժարվում ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի տարածքներ։

«Մենք ասում ենք՝ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից ետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրի զորքերը ետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Սահմանի վերարտադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է ետ քաշվեն։ Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ հետ չգնան», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Սա Փաշինյանը կառուցողական չի համարում, բայց նաև չի հստակեցնում՝ արդյո՞ք Ադրբեջանը պահանջում է 4 գյուղերը՝ առանց 31-ից հետ քաշվելու։

Սահմանազատման հանձնաժողովի վերջին՝ հունվարյան հանդիպումից կողմերը ոչ մի մանրամասն չներկայացրին։ «Ազատությունը» հարցում է ուղարկել փոխվարչապետի գրասենյակ՝ ճշտելու՝ որո՞նք են վիճահարույց տարածքներն ու գյուղերը, արդյո՞ք սահմանազատման հանձնաժողովների վերջին նիստում այդ հարցը քննարկվել է, դեռ պատասխան չենք ստացել։

Հենց Մհեր Գրիգորյանն է սահմանազատման հարցերով հայկական հանձնաժողովի ղեկավարը:

Փաշինյանը նոր մանրամասներ հրապարակեց բանակցություններից

Փաշինյանը նոր մանրամասներ հրապարակեց բանակցություններից, պնդելով, թե Ադրբեջանը, հրաժարվելով սահմանազատման հիմքում դնել Ալմաթիի հռչակագիրն ու այդ ժամանակ առկա սահմանը, պարբերաբար փորձում է գնալ տեղայնացման՝ մարզ առ մարզ սահմանազատման ճանապարհով: Հայաստանի վարչապետն ասաց՝ Երևանը դրան էլ է պատրաստ, բայց ինքը տպավորություն ունի, որ հիմա Բաքուն դրանից էլ է ուզում հրաժարվել։

«Սրա համար կարող է լինել մեկ պատճառ, օրինակ, ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ Այս մտադրությունն ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում», - նշեց վարչապետը։

Հայաստանի կառավարությունն ինչպե՞ս է պատրաստվում կանխել այս զարգացումները. Փաշինյանն ասաց՝ բանակցություններով, որտեղ կպաշտպանվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Ժամեր առաջ Բաքվում իր երդմնակալությանը հաջորդած ավելի քան մեկ ժամանոց ելույթում, սակայն, Ալիևը բանակցություններից չխոսեց։ Ադրբեջանի նախագահը 26 անգամ հիշատակեց Հայաստանը, 25 անգամ՝ Ղարաբաղը, չխուսափեց սպառնալիքներից։

«Մեր բանակն իր ուժը ցույց է տվել ոչ թե շքերթներում ու վարժանքներում, այլ մարտի դաշտում։ Հայաստանն ու նրան ռազմական օգնություն ցույց տվողները պետք է իմանան՝ մեզ ոչինչ չի կանգնեցնի։ Եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդրվի, եթե Հայաստանը կարգի չբերի իր օրենսդրությունը, ապա բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի», - հայտարարել է Ալիևը։

Սա Ալիևի առաջին նման պահանջը չէր, բայց ինքը՝ Փաշինյանն առաջին անգամ այսօր հրապարակային պատասխանեց. - «Պաշտոնական Բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարությունները, Հայաստանի օրենսդրական դաշտի մասին, մեր երկրի ինքնիշխանության խախտում են և միջամտություն մեր երկրի ներքին գործերին»:

Չնայած Ալիևի երեկվա հայտարարություններին, թե իրենց միջնորդներ պետք չեն, կարգավորման գործընթացն էլ, նրա կարծիքով, պետք է դուրս գա միջազգային օրակարգից, Փաշինյանն այսօր վերահաստատում էր Հայաստանի հավատարմությունը խաղաղությանը և պայմանավորված սկզբունքներով պայմանագիր ստորագրելու, սահմանազատում և սահմանագծում իրականացնելու Հայաստանի պատրաստակամությունը։

Նրա ելույթից մի քանի ժամ անց Բաքուն կոշտ արձագանքեց՝ հայտարարելով՝ հենց Փաշինյանն է միտումնավոր սրում իրավիճակը։ Արտգործնախարարությունը կրկին Հայաստանից պահանջեց վերադարձնել ադրբեջանական 8 գյուղերը, հայկական 31 գյուղերի վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն էլ որակեց մանիպուլյացիա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG