Մատչելիության հղումներ

«Ցանկանում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի». Էրդողան


Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է, Anadolu գործակալության փոխանցմամբ, երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Թուրքիայի առաջնորդը միևնույն ժամանակ շեշտել է՝ ցանկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի։

Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախ հայտարարեց, որ Երևանի և Բաքվի միջև խնդիրներից մի քանիսի շուրջ հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել, ապա ընդգծեց՝ երկու կարևոր հարցերի շուրջ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն՝ առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանազատման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին ու փոխկապակցվածությանը:

Միրզոյանը միևնույն ժամանակ վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին։ «Կարծում եմ, որ մեր ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները, մեր ժողովուրդները ևս արժանի են խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք», - ասաց արտգործնախարարը։

ֆորումից օրեր անց էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի պաշտոնակցի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին հայտարարեց․ - «Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»։

XS
SM
MD
LG