Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը կոչ է անում աջակցել Հայաստանին՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին


Ֆրանսիա - Եվրախորհրդարանի նիստ Ստրասբուրգում, արխիվ
Ֆրանսիա - Եվրախորհրդարանի նիստ Ստրասբուրգում, արխիվ

Եվրախորհրդարանը կոչ է անում աջակցել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, որպեսզի Երևանը կարողանա ընդարձակել իր անվտանգային տարածքը ՀԱՊԿ-ից դուրս և դիմակայի հիբրիդային սպառնալիքներին։ Այս մասին ասվում է երեկ ընդունված ամենամյա զեկույցում, որտեղ եվրոպացի պատգամավորներն ամփոփել են՝ որոնք էին անցած տարվա խնդիրներն ու ինչ է պետք անել ապագայում։

Հայաստանի մասով զեկույցը վերստին աջակցություն է հայտնում ժողովրդավարական ճանապարհով ընտրված Կառավարությանը, ողջունում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու որոշումն ու Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ չներքաշվելու՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունները։

Դատապարտելով Հայաստանում անկարգություններ հրահրելու Ռուսաստանի փորձերը՝ փաստաթուղթը կոչ է անում Եվրամիությանը ամրապնդել իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Այդ նպատակով եվրոպացի պատգամավորներն առաջարկում են ավելացնել Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված դիտորդների թիվը, ամրապնդել մանդատը, երկարաձգել ժամկետը, ինչպես նաև նման առաքելություն տեղակայել Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին։ Պատգամավորները նաև Ադրբեջանին են հորդորում թույլ տալ, որ Եվրամիության դիտորդները տեղակայվեն իր կողմից Հայաստանի սահմանին, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղում։

Անդրադառնալով Բաքվին՝ Եվրախորհրդարանը դատապարտում է «նախապես ծրագրված ու չհրահրված» հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ և ընդգծում, որ դրանով Բաքուն կոպտորեն ոտնահարել է միջազգային օրենքն ու մարդու իրավունքները, ինչպես նաև հրադադարը պահպանելու մասին Եվրամիությանը տված խոստումները։ Կատարվածը որակելով որպես «փաստացի էթնիկ զտում»՝ եվրոպացի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ, որ հայերն անվտանգ վերադառնան Ղարաբաղ՝ երաշխավորելով նրանց իրավունքները։ Զեկույցը նաև պահանջում է Բաքվից հայկական մշակութային, պատմական ու կրոնական Ժառանգության պաշտպանություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին ու Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։

Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։ Փաստացի, պատգամավորների նախորդ հորդորներից շատերը մնացել են թղթի վրա, ինչը նրանք բաց կշտամբանքով նշում են երեկ ընդունված զեկույցում։

«Իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի բազմաթիվ նախազգուշացումները չեն հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության որևէ փոփոխության», - հայտարարում են պատգամավորները, պնդելով, թե Բրյուսելը ոչ թե պետք է խորացնի հարաբերություններն Ադրբեջանի հետ, այլ՝ պատժամիջոցներ սահմանի մարդու իրավունքների, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, այդ թվում՝ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հարցում ձախողումների համար։

Բաքվից կոշտ են արձագանքել. - «Ադրբեջանի դեմ դրույթները զրպարտչական բնույթ ունեն և լրջագույն հարցեր են առաջ բերում Եվրամիության անվտանգային ու արտաքին քաղաքականության վերաբերյալ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ Ավելին, Բաքուն սպառնացել է, թե «քանի դեռ Եվրամիությունը վերջ չի դնում կամայականություններին՝ իր իսկ կառույցներում, Միության արտաքին ու անվտանգային քաղաքականությունը կշարունակի ուտոպիստական մոտեցումների գերին մնալ միջազգային հարաբերությունների համակարգում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG