Մատչելիության հղումներ

Հայ պաշտոնյաներն այլևս չեն գնում Բրյուսել և օգնություն աղերսում, ԵՄ-ն է գալիս Հայաստան, առաջարկում իր օգնությունը․ Կիրակոսյան


ԵՄ-ի հետ համագործակցությունն այս կրիտիկական պահին օգնում է փոխհատուցել Հայաստանին սպառնացող ցանկացած պոտենցիալ վտանգ, ասաց փորձագետը։

Եվրամիությունն ավելի քան երբևէ շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանում գործող անկախ վերլուծական կենտրոնի՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ նշելով՝ այն նաև կոչված է հետ մղելու Ռուսաստանին այս տարածաշրջանից։

Կիրակոսյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Դուք խորհրդակցել եք Եվրամիության, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության և մի շարք այլ կարևոր միջազգային կառույցների հետ: Դուք վերջերս այցելել եք Եվրոպական միության գրասենյակներ Բրյուսելում: Եվրամիությունն ունի էական քաղաքական շրջադարձ մեր տարածաշրջանում և մեր երկրում։ Կարծում եմ, որ Ձեր ներդրումը նույնպես կարող էր դեր ունենալ: Ի՞նչ է կատարվում, և ինչո՞ւ է ԵՄ-ն հանկարծ որոշել օգնել Հայաստանին՝ բավականին նշանակալից:

Կիրակոսյան․- Իմ առաջին դիտարկումն աշխատանքային այցիս ընթացքում նախ Փարիզում՝ Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչների, ապա Բրյուսելում՝ ԵՄ հանձնաժողովի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո այն էր, որ նրանք ավելի քան երբևէ շահագրգռված են Հայաստանի ներգրավման, Հայաստանի հետ հարաբերությունների խորացման մեջ։ Դրա մի մասը Հայաստանի ժողովրդավարական լեգիտիմության և բարեփոխումների ճանաչումն է: Դա նաև Ուկրաինայի մասին է։ Այն նաև կոչված է հետ մղելու Ռուսաստանին այս տարածաշրջանում: Ավելի հետաքրքիր է, որ երկրորդ դիտարկումս Եվրամիության ներսում Ադրբեջանի նկատմամբ ունեցած զայրույթն ու հիասթափությունն է։ Դա մի բան է, որ մենք պահանջել ենք, բայց չենք ակնկալել։ Վերջապես դա ի կատար ածվեց, երբ Ադրբեջանը չարաշահեց Եվրամիության համբերությունը։

«Ազատություն»․ - Հիմա անդրադառնանք պաշտպանական քաղաքականությանը: Մենք տեսել ենք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ ստորագրում է պաշտպանական համագործակցության պայմանագրեր, որոնք ներառում են նաև առաջադեմ զրահատեխնիկա և հակահրթիռային հսկողության սարքավորումներ, որոնք կարող են օգնել Հայաստանի զինված ուժերին՝ պաշտպանելու իր օդային տարածքը անօդաչու թռչող սարքերից և հրթիռային հարձակումներից: Սա հայտնի փաստ է, որ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ի երկրները դժկամությամբ էին տրամադրում Հայաստանին ռազմական օգնություն՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված անվտանգության մտահոգությունների պատճառով։ Բայց ի՞նչը հանգեցրեց փոփոխության, ինչո՞ւ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամները սկսեցին օգնել Հայաստանին:

Կիրակոսյան․ - Կարծում եմ՝ դա նախ 2020 թվականի պատերազմի հետևանքն է, իսկ հետո այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի հայերի արտաքսումը, էթնիկ զտումները։ Սա արտացոլում էր եվրոպական մեղքի որոշակի աստիճան, բայց այն նաև նախատեսված է Եվրամիության կողմից՝ դեմ առնելու վտանգավոր նախադեպը՝ Ադրբեջանի կողմից դիվանագիտության նկատմամբ ուժի կիրառման հաղթանակի նախադեպը, ավտորիտար Ադրբեջանի հաղթանակը պայքարող ժողովրդավարության նկատմամբ: Այս համատեքստում այն կոչված է դիմակայելու արևմտյան արժեքներին սպառնացող վտանգին: Բայց մենք նաև տեսնում ենք, որ սա նաև անվտանգության աջակցության ավելի լայն փաթեթի մի մասն է, որը սկսվել է դիտորդական առաքելության տեղակայելու միջոցով՝ Եվրոպական միության՝ Հայաստանի անվտանգությանը նվիրվածության շոշափելի ցուցադրմամբ: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, դա մեծ ուշադրություն է Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման նկատմամբ: Սա նաև ի նշան այն բանի, որ Ադրբեջանը հանդիսանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար ամենալուրջ սպառնալիքը: Եվ վերջապես դա միայն ԵՄ-ն չէ: Դա նաև ամերիկյան ռազմական օգնությունն է՝ վերապատրաստումն ու կրթությունը: Դա նաև Միացյալ Թագավորությունն է: Այժմ, երբ նրանք ԵՄ-ից դուրս են, վերջերս համագործակցության համաձայնագիր են ստորագրել նաև Հայաստանի հետ։

«Ազատություն»․ - Եվրամիությունն ունի ծրագիր կամ հատուկ հիմնադրամ, որը կոչվում է «Եվրոպական խաղաղության հաստատություն», որը կարող է օգտագործվել Հայաստանի զինված ուժերին օգնելու համար: Այս հիմնադրամը օգտագործվել է նաև Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար։ Ինչպես Դուք եք ասել, ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Եվրամիությունը պատրաստ է հայկական բանակին ոչ մահաբեր սպառազինություն տրամադրել Եվրոպական խաղաղության հաստատության միջոցով։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են նշանակալի այս փոփոխությունները։ Կարո՞ղ է դա ինչ-որ բան փոխել:

Կիրակոսյան․ - Կարծում եմ՝ դրանք և՛ նշանակալից են, և՛ աննախադեպ։ Եվ նրանք արդեն սկսել են բան փոխել։ Թույլ տվեք բացատրել։ Նախ, դրա նշանակությունն այն է, որ Հայաստանը բացառիկ է։ Հայաստանը այժմ ԵՄ-ի անվտանգության միակ գործընկերն է, որն իր տարածքում դեռևս ռուսական ռազմաբազա ունի: Հայաստանը դեռևս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է։ Չնայած դրան՝ ԵՄ-ն որպես գործընկեր ընտրել է Հայաստանը։ Կարևորությունից անդին, դրա արդյունավետությունը արտահայտվում է նաև այն ուղերձում, որ ուղարկվում է ինչպես Բաքվին, այնպես էլ Մոսկվային: Հայաստանի պարագայում այլևս հայ պաշտոնյաները չեն գնում Բրյուսել և օգնություն աղերսում։ Եվրամիությունն է, որ գալիս է Հայաստան, առաջարկում է իր օգնությունը, արտահայտում է իր հետաքրքրությունը։ Ահա թե ինչու հենց այս շաբաթվա սկզբին ես հանդիպեցի Եվրոպական միության փաստահավաք առաքելության հետ, որը գործուղված էր Երևան՝ գտնելու ուղիներ՝ ավելի լավ աջակցելու Հայաստանի պաշտպանական ճկունությանը և բարեփոխումներին:

«Ազատություն»․ - Կարո՞ղ եք ավելին պատմել Հայաստան եկած այս առաքելության մասին։ Նկատի ունեմ, տեղյա՞կ եք, թե ինչ եզրակացություններ են արել նրանք և ինչ են պատրաստվում անել, և կարո՞ղ են դրանք ազդել Եվրամիության որոշումների կայացման վրա՝ Հայաստանի հետ ռազմական կամ անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման առումով: Ինչպես բոլորն են ասում՝ անվտանգությունը մեր օրերում ցանկացած հայի գլխավոր խնդիրն է՝ լինի դա հայը Հայաստանում, թե այլուր աշխարհում։

Կիրակոսյան․ - Այո՛։ Այլ կերպ ասած, ամենակարևորը ԵՄ փաստահավաք առաքելության մեջ այն էր, որ դա բաղկացած էր ԵՄ մի շարք տարբեր հաստատություններից՝ հանձնաժողովից մինչև Արտաքին գործողությունների ծառայություն և Ռազմավարական հաղորդակցությունների բաժին: Գաղափարն այն էր, որ սրանք աշխատակազմի անդամներն են, ովքեր որոշումներ են կայացնում վերադաս պաշտոնյաների համար։ Սա ներգրավվածության այն մակարդակն է, որը մենք այժմ ակնկալում ենք Եվրամիությունից: Եվ դա ուժեղացնում է Հայաստանի բարեփոխումները՝ հակակոռուպցիոնից մինչև արդարադատության բարեփոխումներ, ինչպես նաև ռազմական կրթություն և վերապատրաստում: Ամենակարևորը, սակայն, այն է, որ անվտանգության տեսանկյունից Եվրամիության մոտեցումն իրատեսական է: Այն ձգտում է միայն ուժեղացնել պաշտպանական կարողությունները, ոչ թե հարձակողական կարողությունները: Եվ այն պարգևատրում է դիվանագիտությանը Հայաստանի նվիրվածությունը, ներգրավվելու պատրաստակամությունը: Ու ես կարծում եմ, որ Հայաստանն այստեղ ավելի երկարաժամկետ առավելություն ունի: Եվ ԵՄ-ի հետ համագործակցությունն այս կրիտիկական պահին օգնում է փոխհատուցել Հայաստանին սպառնացող ցանկացած պոտենցիալ վտանգ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG