Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մարինա Կալյուրանդը ողջունել է Հայաստանի վարչապետի գրասենյակի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը։
«Համատեղ հայտարարությունը վերահաստատում է հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու երկու երկրների մտադրությունը», - X-ի իր էջում գրել է Կալյուրանդը՝ կից նաև հրապարակելով իր, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի ու Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունը, որտեղ պատգամավորները կոչ են անում «հումանիզմի նույն ոգով ազատ արձակել մյուս հայ կալանավորվածներին և որքան հնարավոր է շուտ լուծել նաև անհետ կորածների խնդիրը»։
«Սա նշանակալի քայլ է վստահության ձևավորման ուղղությամբ, որն անհրաժեշտ է համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման համար», - ասված է պատգամավորների համատեղ հայտարարությունում։
Նրանք նաև Բաքվին և Երևանին բանակցությունները շարունակելու կոչ են անում՝ ընդգծելով՝ լիովին աջակցում են Եվրոպական խորհրդի և Եվրամիության նախագահի ջանքերին՝ դյուրացնելու խաղաղ գործընթացը՝ ուժի չկիրառման, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա։
Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու և Ադրբեջանի նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։
Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:
Հայտարարությունից վեց օր անց 32 հայ գերիները երեկ վերադարձան Հայաստան։ Ադրբեջանական կողմը նրանց երեկ վերադարձրեց հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի հատվածում։ Հայկական կողմն էլ իր հերթին Ադրբեջանին հանձնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին ու սահմանն ապօրինի հատելու, հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար 11 տարով ազատազրկված Ագշին Բաբիրովին։