Ռուսաստանի վերջին հույսը մեռավ, գրում են ռուսաստանցի բլոգերները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրաժարվեց գրանցել ընդդիմադիր Բորիս Նադեժդինին որպես նախագահի թեկնածու՝ պնդելով, թե դրա համար անհրաժեշտ ստորագրություններում մեծ թվով անճշտություններ կան:
«2024 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելը կյանքիս ամենակարևոր քաղաքական որոշումն է: Ես չեմ նահանջում իմ մտադրություններից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կբողոքարկեմ Գերագույն դատարան», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:
Նադեժինը Պուտինի մրցակիցներից միակն էր, որ դատապարտում էր նրա ագրեսիան Ուկրաինայի դեմ: Այսօր նա կրկին շեշտեց, որ իր օգտին հավաքվել է ավելի քան 200 հազար ստորագրություն, աշխարհն էլ տեսել է՝ ինչպես են ռուսաստանցիները դրա համար հերթ կանգնել տարբեր քաղաքներում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հակադարձեց, թե մերժված ստորագրություններում 11 մահացածի անուն են գտել:
«Դուք ի՛նձ չեք մերժում, այլ՝ տասնյակ միլիոնավոր մարդկանց, ովքեր փոփոխությունների հույս ունեն։ Ես Պուտինից հետո երկրորդ տեղում եմ, երկնիշ թվեր եմ հավաքում հարցումներում, իսկ դուք ինձ ասում եք 11 մահացածների մասին», - ասաց Նադեժդինը:
Բորիս Նադեժդինը խնդրել էր երկու օրով հետաձգել այսօրվա նիստն ու ժամանակ տալ մինչև փետրվարի 10-ը: Հանձնաժողովը, սակայն, չի համաձայնել։
Մինչ այդ, ռուսական անկախ լրատվամիջոցները, այդ թվում՝ «Մեդուզա»-ն, հղում անելով իրենց աղբյուրներին հայտնել էին, որ Կրեմլը թույլ չի տալու գրանցել հակապատերազմական դիրքորոշում ունեցողներին։
Ըստ այդմ, ընտրապայքարում մնում են 4-ը՝ կոմունիստ Նիկոլայ Խարիտոնովը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Լեոնիդ Սլուցկին, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը և արդեն հինգերորդ անգամ առաջադրվող՝ 71-ամյա Վլադիմիր Պուտինը։
Տեսականորեն Գերագույն դատարանը կարող է պարտադրել ԿԸՀ-ին գրանցել ընդդիմադիր Նադեժդինին, փորձագետները, սակայն, այդ սցենարն անիրատեսական են համարում։
Ինքը Նադեժդինն այսօր հայտարարեց, թե ունի «պլան Բ». - «Շեշտում եմ, որ ես գործում եմ բացառապես Ռուսաստանի Դաշնության իրավական շրջանակներում։ Ես երբեք ոչ մի օրենք չեմ խախտել: Հետևաբար, իմ կողմից, օրինակ, չարտոնված հանրահավաքներ կամ մայդաններ հաստատ չեն լինի։ Փոխարենը՝ մենք պատրաստ ենք մասնակցել բոլոր իրավական ձևերին»։
Այդուհանդերձ, նա փակագծեր չբացեց և չասաց՝ պայքարի իր մարտավարությունն ինչ է ենթադրում։
Արմատական ընդդիմությունը՝ հեռավոր հյուսիսի կալանավայրում գտնվող Ալեքսեյ Նավալնին և նրա թիմակիցները, կոչ են արել իրենց աջակիցներին հարվածել Պուտինի վարկանիշին ու մարտի 15-ի կեսօրին միահամուռ գնալ ընտրատեղամասար և քվեարկել ցանկացած այլ թեկնածուի օգտին։