Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գրանցել է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը մարտի 15-17-ը կայանալիք նախագահական ընտրություններում։ 71-ամյա առաջնորդն արդեն հինգերորդ անգամ է գնում ընտրությունների, ինչի համար փոխվել էր երկրի Սահմանադրությունը, և նրա նախկին չորս ժամկետները զրոյացվել էին:
Ռուսաստանի գործող նախագահը չորրորդ գրանցված թեկնածուն է, ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիին, Պետդումայի փոխխոսնակ, «Նոր մարդիկ» կուսակցության անդամ Վլադիսլավ Դավանկովին, ինչպես նաև Պետդումայի պատգամավոր կոմունիստ Նիկոլայ Խարիտոնովին: Ընդ որում, կոմունիստներն այս ընտրություններին գնում են «Խաղացիք կապիտալիզմի հետ, հերիք է» կարգախոսով։
Գրանցման է հավակնում նաև Ուկրաինայի դեմ Պուտինի պատերազմը քննադատող միակ թեկնածուն՝ Պետդումայի նախկին պատգամավոր Բորիս Նադեժդինը։ Նա պետք է առաջիկա երկու օրում՝ մինչև հունվարի 31-ը 100 հազար ստորագրություններ ներկայացնի Ռուսաստանի շուրջ չորս տասնյակ մարզերից:
«Երիտասարդ, գեղեցիկ դեմքեր․ սա է Ռուսաստանի ապագան». - անցած հանգստյան օրերին Նադեժդինը Մոսկվայում հանդիպել էր աջակիցների հետ և կոչ արել նրանց՝ եթե իրեն չգրանցեն, դիմեն իշխանություններին՝ տարբեր քաղաքներում արտոնված բողոքի միտինգներ անցկացնելու համար. - «Եթե այդուամենայնիվ որոշեն, որ պետք չէ Նադեժդինին թույլ տալ մասնակցել ընտրություններին, մենք գործի կդնենք պլան Բ-ն։ Նախ ես չեմ դադարի զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Ես 100 տոկոսով հետևում եմ Ռուսաստանի օրենքներին և կոչ չեմ անի մարդկանց դուրս գալ չարտոնված բողոքի հավաքների, բայց կոչ կանեմ ինձ համար ստորագրահավաքներին մասնակցած մարդկանց դիմել իշխանություններին տարբեր քաղաքներում և ստանալ միտինգներ անցկացնելու իրավունք՝ բացառապես օրենքների սահմաններում»։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ռուսաստանի տարբեր մարզերում ավելի քան 200 հազար մարդ, մեծամասամբ՝ երիտասարդներ մասնակցել էին Նադեժդինի օգտին ստորագրահավաքներին, ցրտին ժամերով հերթ կանգնել։ Վերջին տարիներին պառակտված ընդդիմությունն էլ գրեթե միաձայն կոչ է արել աջակցել նրան, որպեսզի ընտրություններին մասնակցի գոնե մեկ թեկնածու, ով հրապարակավ ասում է, թե դեմ է Պուտինին և Ուկրաինայի դեմ նրա պատերազմին:
Անկախ փորձագետներն ասում են՝ իհարկե եթե նույնիսկ իշխանություններն ինչ-ինչ պատճառներով գրանցեն Նադեժդինին, նա չի կարողանա հաղթել Պուտինին, որի հաղթանակը գրեթե երաշխավորված է։ Այլ հարց է, որ նա կարող է խանգարել Պուտինին հավաքել ռեկորդային 80 տոկոս և ավելի: Անցած ընտրություններին՝ 2018-ին նա հավաքել էր գրեթե 76 տոկոս:
Ընդդիմության համար կարևոր է ցույց տալ, որ Ռուսաստանում կա մի ստվար զանգված, որ դեմ է պատերազմին և փոփոխություններ է ուզում, ասում է քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը:
«Ձևավորվել է մարդկանց մի զգալի զանգված, որ դեմ է պատերազմին։ Եվ իհարկե իշխանություններին ավելի ձեռնտու է չգրանցել Նադեժդինին, որպեսզի նրանց այսպես կոչված ընտրությունները չվերածվեն պատերազմի դեմ հանրաքվեի», - ընդգծում է քաղաքագետը:
Իշխանություններն ամեն ինչ կանեն և թույլ չեն տա, որ Ռուսաստանում սկսվեն մարդաշատ բողոքի ակցիաներ Նադեժդինին չգրանցելու պատճառով։ Պատերազմին դեմ ռուսաստանցիներին այդ դեպքում ոչինչ չմնա, քան գնալ ընտրատեղամասեր և փչացնել քվեաթերթիկները։
Ի դեպ, Կրեմլի խոսնակն այսօր հայտարարել է, թե Պուտինն այս անգամ էլ չի մասնակցի նախընտրական բանավեճերին։ Փոխարենը՝ Ռուսաստանի նախագահը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա, օրակարգում էլ, ըստ պաշտոնյաների, կլինի հիմնականում Ուկրաինայի հարցը։ Այցի հստակ օրը, սակայն, դեռ չի հրապարակվել։