Մատչելիության հղումներ

Նադեժդինը Ռուսաստանի ԿԸՀ 105 հազար ստորագրություն է ներկայացրել. հանձնաժողովը 10 օր ունի դրանք ստուգելու համար


Առաջիկա տասն օրում պարզ կլինի՝ Ռուսաստանի իշխանությունները գրանցում են ընդդիմադիր Բորիս Նադեժդինին որպես նախագահի թեկնածու, թե՝ ոչ։ Ընտրական հանձնաժողովը տասը օր ունի նրա ներկայացրած 105 հազար ստորագրությունները ստուգելու համար։

Պետդումայի նախկին պատգամավորը, որ հրապարակավ քննադատում է Վլադիմիր Պուտինին ու նրա պատերազմն Ուկրաինայի դեմ, ողջ գործընթացը ցուցադրում է ուղիղ եթերում՝ իր տելեգրամ ալիքում:

«Ես կենտրոնական հանձնաժողովում եմ, սրանք այն 105 հազար ստորագրություններն են, որոնց համար դուք հերթեր էիք կանգնում։ Ամեն ինչ նորմալ է», - նշել է Նադեժդինը։

Բորիս Նադեժդինի համար օրեր շարունակ ռուսաստանցիները երկրի ներսում և դրսում ցրտին հերթ էին կանգնում․ ի վերջո, նա հավաքել էր 200 հազարից ավելի ստորագրություն, որից, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել կեսից մի փոքր ավելին։ Ըստ Նադեժդինի, դրանք ստուգված և հաստատված ստորագրություններ են, որոնք դժվար կլինի չընդունել։

Մինչ իշխանությունները կհրապարակեն վերջնական որոշումը, ընդդիմադիր գործիչը պնդում է, թե Կրեմլի հետ չի համագործակցում և վախենալու որևէ բան չունի. - «Ես ոչինչ չունեմ, օֆշորներ չունեմ, արտասահմանում վիլաներ չունեմ, կարելի է, իհարկե, իմ բնակարանը խլել պանելային շենքում, որտեղ ես գրանցված եմ։ Ես անձամբ ոչինչ չունեմ»։

Ռուսական լիբերալ ընդդիմությունը համախմբվել է Նադեժդինի շուրջ, թեև դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ նա Կրեմլի դրածոն է՝ մրցակցային ու ազատ ընտրությունների տպավորություն ստեղծելու համար։ Սակայն անգամ թերահավատներն են ընդունում, որ իրավիճակը դուրս է եկել Կրեմլի վերահսկողությունից։ Նախօրեին Բորիս Նադեժդինը նույնիսկ հայտարարել է, թե կարող է հաղթել Պուտինին:

«Իմ վարկանիշը շատ արագ է աճում։ Այստեղ կարևորը այդ աճի տեմպերն են։ Եվ ես հանկարծ սկսում եմ հասկանալ, որ, ընդհանուր առմամբ, ես պետք է պատրաստվեմ այն փաստին, որ իրականում ղեկավարելու եմ երկիրը: Դուք կարծում եք, որ ես խե՞նթ եմ: Ոչ, ես խելագար չեմ», - ասել է ընդդիմադիր գործիչը:

Մինչ այդ առաջադրված 11 թեկնածուներից երեքն արդեն դուրս են եկել պայքարից։ Ընդորում՝ երկուսը տարօրինակ ձևով։ Ռուսաստանի նախագահի թեկնածուներ Անդրեյ Բոգդանովն ու Սերգեյ Բաբուրինը, մասնավորապես, առնվազն 100 հազար ստորագրություն են հավաքել, ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հետո միայն որոշել, որ չեն ուզում պայքարի մեջ մտնել։

«Համաժողովրդական միություն» կուսակցության առաջնորդ Սերգեյ Բաբուրինը թեկնածությունը հանելու մասին հայտարարել է ստորագրությունները ներկայացնելուց անմիջապես հետո՝ չբացատրելով, թե ինչու։ Նա միայն կոչ է արել ընտրողներին «միավորվել Պուտինի թեկնածության շուրջ»։

Երրորդ թեկնածուն՝ Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Իրինա Սվիրիդովան, դուրս է եկել պայքարից, հայտարարելով, թե չի կարողացել հավաքել անհրաժեշտ 100 հազար ստորագրությունը։ Նա նույնպես կոչ է արել աջակցել Պուտինին։

Ինքը՝ Պուտինն օրեր առաջ է ներկայացրել հանձնաժողով 300 հազար ստորագրությունները, քանի որ ընտրություններին որոշել է մասնակցել որպես ինքնառաջադրված թեկնածու, թեև իշխող «Եդինայա Ռոսիան» արդեն հայտարարել է ընտրություններին Պուտինին աջակցելու մասին։

Ընտրությունները կկայանան մարտի 15-17-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այժմ գրանցել է չորս թեկնածուի՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկինին, Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Նիկոլայ Խարիտոնովին, Վլադիսլավ Դավանկովին «Նոր մարդիկ» կուսակցությունից և Վլադիմիր Պուտինին։

71-ամյա Պուտինը հինգերորդ անգամ է մասնակցում նախագահական ընտրություններին և եթե հաղթի, ինչին քչերն են կասկածում, Կրեմլում կարող է մնալ մինչև 2030 թվականը, հետո էլ նորից մասնակցել ընտրություններին՝ վեցերորդ անգամ:

Այսօր արդեն նա կառավարման երկարակեցությամբ համեմատվում է Խորհրդային Միության բռնապետ Իոսիֆ Ստալինի հետ։

XS
SM
MD
LG