Մատչելիության հղումներ

Դեռ պարզ չէ՝ կլինի Նադեժդինի անունը քվեաթերթիկում, թե՝ ոչ


Վլադիմիր Պուտին և Բորիս Նադեժդին, կոլաժ
Վլադիմիր Պուտին և Բորիս Նադեժդին, կոլաժ

Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրված՝ Ուկրաինայում պատերազմին դեմ հանդես եկող միակ թեկնածու Բորիս Նադեժդինն այսօր նամակով դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարին՝ իր թեկնածության գրանցման քննարկումը մինչև փետրվարի 10-ը հետաձգելու խնդրանքով։

Հանձնաժողովը մասամբ բավարարել է Նադեժդինի խնդրանքը, և նրա գրանցման վերաբերյալ նիստը կկայանա ոչ թե փետրվարի 7-ին, այլ` 8-ին, այսինքն` ընդդիմադիր քաղաքական գործչի թիմակիցները ստորագրություններում առկա թերությունները վերացնելու համար մեկ հավելյալ օր են ստացել։

Երեկ հանձնաժողովը հայտարարել էր, թե նրա օգտին ներկայացված 105 հազար ստորագրությունների 15 տոկոսն ունեն թերություններ։ Օրենքը թույլ է տալիս 5 տոկոսից ոչ ավելի անվավեր ստորագրություններ։

Ավելի վաղ Նադեժդինը հայտարարել էր, որ եթե իրեն չգրանցեն, կշարունակի պայքարը և կբողոքարկի հանձնաժողովի որոշումը Գերագույն դատարանում:

«Մենք արդեն մեծ գործ ենք արել, մենք ցույց ենք տվել, որ այսօր Ռուսաստանում կարելի է օրինական ճանապարհով բողոքել այն ամենի դեմ, ինչ կատարվում է։ Կրկնում եմ՝ օրինական ճանապարհով։ Հսկայական քանակի մարդիկ տեսան, որ մենակ չեն։ Ինչ էլ որ տեղի ունենա փետրվարի 7-ին կամ 10-ին, ինչ էլ որ որոշի Գերագույն դատարանը, մենք խաղաղ և ազատ Ռուսաստանի համար մեր պայքարը շարունակելու ենք», - ասել է Նադեժդինը:

Նա երեկ կրկին հայտարարել է, թե իր և իր թիմի համար պայքարը չի ավարտվելու մարտին կայանալիք նախագահական ընտրություններով։ Առջևում էլի ընտրություններ են լինելու, մասնավորապես՝ այս տարվա երկրորդ կեսին կայանալիք ընտրությունները Մոսկվայի դումայի համար, կամ տեղական ընտրությունները Թաթարստանում:

Նադեժդինն ընդհանրապես հայտարարում է, թե աշխատանքը ռեգիոններում չափազանց կարևոր է։

Բորիս Նադեժդինը «Ազատության» «Ռեալիի» նախագծին տված հարցազրույցում շեշտել է, որ աշխարհի ամենամեծ պետություն հանդիսացող Ռուսաստանը ֆեդերացիա է, և եթե ինքը նախագահ ընտրվի, ավելի շատ ազատություն կտա ռեգիոններին, ինչպես դա արձանագրված է Ռուսաստանի գործող Սահմանադրությունում։

«Դա պարզ է. ֆեդերալիզմն այն է, երբ տարածաշրջաններում մարդիկ ընտրում են իրենց կառավարությունը, մարզերում ինքնուրույն վաստակած գումարներն էլ մնում են մարզերում», - նշել է նա:

Արդեն այսօր, երբ դեռ պարզ չէ հստակ՝ լինելու է Նադեժդինի անունը քվեաթերթիկում, թե՝ ոչ, նա ասում է, որ պետք չէ հուսահատվել:

Մինչ այս իրադարձությունները արմատական, կոշտ ընդդիմությունը, որի ներկայացուցիչները կամ բանտերում են, կամ էլ ստիպված են եղել հեռանալ Ռուսաստանից, քննադատում էր Բորիս Նադեժդինին իշխանությունների հետ այս կամ այն ձևով համագործակցելու մեջ։

Ինքը քաղաքական գործիչը պնդում է, որ չի համագործակցում Կրեմլի հետ, սակայն ամեն ինչ անում և անելու է բացառապես օրենքների սահմաններում:

«Այնպես է պետք գործել, որ վստահ առաջ գնանք դեպի նպատակը, բայց այնպես առաջ գնալ, որ ճանապարհից չհեռացնեն։ Սա քաղաքական գործչի հմտությունից է կախված, ես մոտավորապես գիտեմ՝ ինչ պետք է անել: Ամեն ինչ լավ է լինելու, բայց միանգամից չի լինելու։ Պետք է շարունակել աշխատանքը», - հայտարարել է Նադեժդինը:

Նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 15-17-ը, «Վեդոմոստի»-ն այսօր գրել է, թե ամենայն հավանականությամբ Նադեժդինին որպես թեկնածու չեն գրանցի, և քվեաթերթիկում կլինի միայն չորս անուն, այդ թվում գործող նախագահի՝ Վլադիմիր Պուտինի անունը:

XS
SM
MD
LG