Միջազգային քրեական դատարանում Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում ներկաներին հիշեցրեց Ղարաբաղում էթնիկ զտումների մասին՝ ընդգծելով՝ 2023-ին Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը՝ անկեղծորեն հավատալով, որ այն մեծ ուժ ունի և կարող է վերացնել ամենածանր հանցագործությունները և վերջ տալ անպատժելիությանը։
«Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաև պատերազմ, ատելություն և ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրությանը: ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100 հազար հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի՝ կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Հայաստանը մեկ շաբաթ առաջ է պաշտոնապես միացել Միջազգային քրեական դատարանին։
Նախարար Միրզոյանը, մեջբերելով Նյուրենբերգյան դատավարությունից մեկ հատված, հիշեցրեց՝ միջազգային իրավունքի դեմ հանցագործությունը մարդն է իրականացնում, ոչ թե վերացական սուբյեկտները։
«Ոչ ոք օրենքից վեր չէ։ Այսօր Միջազգային քրեական դատարանը հանդես է գալիս որպես բաստիոն ցեղասպանության, սարսափների, պատերազմական, մարդկության դեմ հանցագործությունների, ագրեսիայի դեմ։ Հայաստանը հավատում է, որ ծայրահեղ կարևոր է հիմնել Միջազգային դատական համակարգ, որը կպատժի ցեղասպանություն իրականացրած և այլ ծանր հանցանքներ կատարած անձանց», - նշեց նախարարը։
Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ հենց այս դատարանն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։
Երևանն, իր հերթին, հայտարարել է, որ Հռոմի կանոնադրությանը միանալով՝ ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։ Երևանը խոսում է նաև արցախահայերի տեղահանության համար Ադրբեջանի դեմ Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու հնարավորության մասին։
«Մեծ ճնշման գործիք կարող է լինել». մասնագետ
Ի՞նչ կտա սա Հայաստանին, եթե հատկապես հաշվի առնենք, որ նախկինում միջազգային հեղինակավոր այլ դատարանի անգամ հօգուտ Հայաստանի կայացրած որոշումներից հետո ո՛չ Լաչինի միջանցքը բացվեց, ո՛չ էլ Ադրբեջանի իշխանությունները ենթարկվեցին որևէ պատասխանատվության։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը չի կարծում, որ եղած իրավական գործընթացները ոչինչ չեն տվել Հայաստանին։ Մասնագետի պնդմամբ՝ դրանք ճնշում են Բաքվի վրա, օրակարգում են պահում մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձը։ Հռոմի ստատուտը, ըստ Արա Խզմալյանի, ճնշման ևս մեկ՝ ավելի մեծ միջոց է, քանի որ խոսքն այս դեպքում անհատներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին է։
«Անհատները, որոնք պատասխանատու են առնվազն Հայաստանի տարածքի վրա կատարված հանցանքների համար, խոսքը ագրեսիայի և շարունակվող օկուպացիայի մասին է, կարող են կանչվել միջազգային պատասխանատվության», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Հարցին, թե Ադրբեջանի նախագահը կարո՞ղ է կանչվել միջազգային պատասխանատվության, եթե Հայաստանը նման հայց ներկայացնի, միջազգային իրավունքը մասնագետը պատասխանեց. - «Տեսականորեն այո, գործնականում երկրի ղեկավարին ձերբակալելու և դատարանին փոխանցելու շանսը շատ ցածր է, բայց առնվազն այդ վտանգը կարող է էապես սահմանափակել իր միջազգային այցելությունները, էլ չասած, թե երկրի ղեկավարի վարկանիշի համար որևէ քրեական հետապնդման նույնիսկ ռիսկն ինչքան անցանկալի է, հետևաբար մեծ ճնշման գործիք կարող է լինել»։
Հայաստանը դարձավ միջազգային դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ երկիրը: