Պետք է ոչ միայն նոր օրենքներ ընդունվեն, այլև գործողները փոխվեն. նախարար
Թեև 20 օրից Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի, սակայն Եղիշե Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակը միջազգային քրեական դատարան դիմելու ուղղությամբ դեռ որևէ գործընթաց չի սկսել:
Իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցչի մամուլի խոսնակը սրանից բացի, այլ հարցերի չպատասխանեց: Հստակ չէ՝ ստատուտի վավերացումից հետո միջազգային ատյան դիմելու ուղղությամբ աշխատանք իրականացվում է, թե ոչ, սակայն մինչ հնարավոր հայցեր ներկայացնելը անելիքներ կան օրենսդրական դաշտում: Արդարադատության նախարարի խոսքով՝ պետք է ոչ միայն նոր օրենքներ ընդունվեն, այլև գործողները փոփոխվեն:
«Մենք ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, մասնավորապես՝ Վրաստանն ունի համանման օրենսդրություն, առհասարակ առանձին օրենք, բայց նաև 4-5 առաջատար երկրների փորձ ենք ուսումնասիրել, և առաջին քայլը հենց նոր օրենսդրության մշակումն է, միջազգային փորձագետների հետ աշխատելը», - ասաց Գրիգոր Մինասյանը:
Ազգային ժողովը կանոնադրությունը վավերացրել, իսկ նախագահն այն ստորագրել է հոկտեմբերին, որից հետո արտաքին գործերի նախարարն այդ մասին տեղեկացրել է քրեական դատարանին: Պաշտոնապես Հայաստանը Միջազգային քրեական դատարանին միանում է փետրվարի 1-ից:
Խորհրդարանում միջազգային ատյանի կանոնադրությունը քննարկվում էր, երբ արցախահայերը ադրբեջանական հարձակումից հետո զանգվածաբար լքում էին իրենց հայրենիքը: Եղիշե Կիրակոսյանը պատգամավորներին հավաստիացնում էր, թե ստատուտի վավերացմումը կարևոր է ոչ միայն 2022 թվականի սեպտեմբերի պատերազմական հանցագործությունների, այլ նաև Արցախի հայաթափման հարցը բարձրաձայնելու համար։
«Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը ևս կարող է ընկնել դատարանի իրավասության ներքո, կարծում եմ՝ շատ կարևոր հանգամանք է, դատարանը նման նախադեպ ունի», - ասել էր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։
Միջազգային ատյանը կարող է քննել այն հանցագործությունները, որոնք կատարվել են Հայաստանի տարածքում, կամ եթե դրա կատարողը դատարանի իրավազորությունը ճանաչած 123 երկրներից որևէ մեկի քաղաքացի է։ Մնացած դեպքերում, ըստ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի, քրեական դատարանն, ըստ էության, անելիք չունի:
«Ադրբեջանի տարածքում կատարված հանցագործությունները չի կարող դատարանը քննել և Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված այն հանցագործությունները կարող է քննել, որոնք կատարվել են Հայաստանում կամ այդ 124 երկրներից մեկում։ Հետևաբար, այս շրջանակով Արցախի տարածքը դուրս է ընկնում դատարանի իրավազորության տարածքից», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Միջազգային իրավունքի մասնագետը չի բացառում, որ Երևանն ու Բաքուն այս փուլում զերծ մնան իրավական գործընթացներից
Հայաստանի խորհրդարանը ոչ միայն վավերացրել, այլ նաև հետադարձ ուժով ճանաչել է ցեղասպանությունների, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը քննող դատարանի իրավազորությունը 2021 թվականի մայիսի 10-ից հետո ընկած ժամանակահատվածի վրա: Ադրբեջանական զինուժը հենց այդ փուլից հետո է հարձակվել Հայաստանի վրա՝ պատճառելով ոչ միայն տարածքային, այլ նաև մարդկային կորուստներ:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր չասաց, թե Բաքվի դեմ ինչ հայց է պատրաստվում ներկայացնել Երևանը, փոխարենը նկարագրեց, թե կանոնադրության վարվերացումն ինչպես կօգնի հայաստանյան իրավապահներին բացահայտել նախկինում կատարված ռազմական հանցագործությունները:
«Կան դատախազական և քննչական գործիքակազմեր, և մեր նախաքննական մարմինները, ուսումնասիրելով այդ հանցագործությունները, հավաքելով այդ ինֆորմացիան, նաև հնարավորություն ունեն ներգրավել միջազգային դատախազներին և իրավապահներին, որոնք նույնպես, գալով Հայաստան կամ թղթերը ուսումնասիրելով, մասն են դառնում այդ վարույթների։ Այս դեպքում արդեն Հայաստանն իր հենց այդ ռազմական հանցագործությունների նախաքննական պրոցեսներում միայնակ չէ և ներգրավում է միջազգային առաջատար վարույթ իրականացնող մարմիններ», - նշեց նա։
Միջազգային դատարանի առաջ կարող են կանգնել անգամ Հռոմի ստատուտին չմիացած երկրների քաղաքացիները, որոնք պատերազմական հանցագործություններ են կատարել։ Ադրբեջանը այն չի վավերացրել, բայց արդյոք այդ երկրի հետ խաղաղության ձգտող Հայաստանի կառավարությունը Բաքվի պաշտոնյաներին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հայցեր կներկայացնի:
Միջազգային իրավունքի մասնագետը չի բացառում, որ խաղաղության հաստատման մասին հայտարարող Երևանն ու Բաքուն այս փուլում զերծ մնան իրավական գործընթացներից:
«Որոշակի մտահոգություն ունեմ, որ հնարավոր է, որ կողմերը գան պայմանավորվածության՝ այս փուլում դատական գործընթացների չդիմեն կամ եղածը հետ վերցնեն։ Դա ուղղակի առանց որևէ փաստ ունենալու ես ասում եմ, որ չի բացառվում, բայց արդեն այն փաստը, որ Հայաստանը վերջնականապես որոշեց վավերացնել Հռոմի ստատուտը, ուրեմն Հայաստանն ունի կոնկրետ հիմքեր կասկածելու, որ Ադրբեջանն ապագայում կարող է դիմել ագրեսիայի ակտին», - նկատեց Արա Ղազարյանը։
Վերադառնալով արցահայերի իրավունքների հարցերին` միջազգային իրավունքի մասնագետը պնդեց՝ այդ հարցով անելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տիրույթում են: