Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը արձագանքել է Հռոմի ստատուտի վավերացման հարցով ՌԴ-ից ստացված առաջարկներին


Պաշտոնական Երևանը, «Ազատության» հարցմանն ի պատասխան, հաստատում է՝ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մասով ռուսաստանյան կողմից առաջարկություններ ստացել է։

Ըստ արտգործնախարարության՝ Երևանը նաև արձագանքել է առաջարկություններին։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը։

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարեց՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը համարում են «բացարձակապես ոչ-բարեկամական քայլ»։ Նա նաև տեղեկացրեց, որ Մոսկվան որոշակի առաջարկներ է ներկայացրել Երևանին, «սակայն դատելով իրավիճակից՝ Երևանում կա՛մ դեռ մտածում են դրանց ուղղությամբ, կա՛մ որոշել են մերժել»։

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր արտգործնախարարությունից, թե արդյոք պաշտոնական Մոսկվան իսկապես առաջարկներ է արե՞լ և եթե այո, ապա ի՞նչ առաջարկներ են դրանք և ինչո՞ւ Երևանը չի ընդունել, կամ չի պատասխանել դրանց։

«Ազատության» հարցմանն ի պատասխան, արտաքին քաղաքական գերատեսչությունից միայն նշել են․ - «Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մասով ռուսաստանյան կողմից փոխանցված առաջարկությունների համատեքստում հայաստանյան կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, որը կարող է փարատել ՌԴ մտահոգությունները, ինչի վերաբերյալ պաշտոնական գրավոր պատասխան ռուսաստանյան կողմից հայաստանյան կողմին չի ներկայացվել»։

XS
SM
MD
LG