Հայաստանը հստակ որոշում է կայացրել ընտրել ժողովրդավարացման և բարեփոխումների անշրջելի ուղին, երեկ Բրյուսելում, Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Չնայած վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին՝ ժողովրդավարացման գործընթացը և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը Հայաստանում ոչ մի վայրկյան կանգ չի առել, ասել է Միրզոյանը՝ շեշտելով՝ Հայաստանը վճռական է շարունակելու այս ուղին Եվրոպական միության զգալի աջակցությամբ:
«Մեր վճռականության վերջին դրսևորումը Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումն էր: Միանալով Արդարադատության միջազգային դատարանին՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել միջազգային իրավակարգի ամրապնդմանը՝ միևնույն ժամանակ վերահաստատելով սեփական ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու ինքնիշխան իրավունքը», - ասել է Միրզոյանը:
Երևանը ողջունում է Եվրոպական հանձնաժողովի որոշումը առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ, հայտարարել է արտգործնախարարն՝ ընդգծելով՝ Հայաստանի ժողովուրդը նույնպես ունի եվրոպական ձգտումներ:
«Մենք հանձնառու ենք ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի», - ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
«Հայաստանն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք»
Հայաստանի կառավարությունն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք, ասել է Միրզոյանն՝ ընդգծելով, որ Երևանը պատրաստ է առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմնվելով Գրանադայում ընդունված սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանների փոխադարձ ճանաչում, հաղորդակցությունների, տրասպորտային ենթակառուցվածքների բացում։
«Բազմաթիվ առիթներով մենք ցույց ենք տվել մեր պատրաստակամությունն ու վճռականությունը մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով տևական խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում, որտեղ բոլոր երկրները կապրեն բաց սահմաններով և կապված կլինեն ակտիվ տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերով», - ասել է Միրզոյանը՝ նշելով Հայաստանի ապագայի տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես խաղաղության օրակարգի մաս:
«Այս ծրագրի հիմքում ընկած է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրական գծերի վերանորոգման, կառուցման և շահագործման միջոցով: Ավելին, Ադրբեջանի հետ վերջերս ընդունված համատեղ հայտարարությունը գերիների ու պահվող անձանց փոխանակման և COP29 համաժողովի վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեր վճռականության ևս մեկ դրսևորում է», - հայտարարել է Միրզոյանը հույս հայտնելով, որ այս դրական ազդակից հետո Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին։