Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական զորքերի թիվը 600 հազար է․ սա երկրի կանոնավոր բանակի գրեթե կեսն է: Այս մասին Կրեմլի ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսաստանցի ուսանողների հետ հանդիպմանը։
Դեկտեմբերի 1-ին նախագահ Պուտինը հրամանագիր է արձակել՝ ռուսական բանակում զինվորականների թիվը 130 հազար հոգով ավելացնելով մինչև 1 միլիոն 320 հազար, այդ թվում՝ 130 հազար ժամկետային զինծառայող։
Ռուսաստանի նախագահի ներկայացրած թվերը անկախ ստուգման ենթակա չեն և կարող են տարբերվել իրականությունից։ Սակայն, եթե այդ տվյալները մոտ են իրականությանը, ապա դա նշանակում է, որ ավելի քան մեկ միլիոն ռուսաստանցի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մասնակից է։
Դեկտեմբերին CNN-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայում ռուսական բանակի զոհերի թիվը կարող է հասնել 315 հազարից մինչև 360 հազարի։