Ռուսաստանի Բրյանսկի մարզի Կլինցի քաղաքում գիշերը անօդաչու թռչող սարքի հարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել նավթի պահեստում։ Ըստ նախնական տվյալների՝ հազար քառակուսի մետր մակերեսով հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Կլինցի ավանն Ուկրաինայի հետ սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա է։
Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով անվտանգության մարմիններին, գրում են, որ սա հատուկ գործողություն էր, ավելին՝ այն կազմակերպել է Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։
Ռուսական կողմն, իր հերթին, նախօրեին հայտնել էր Դոնեցկի մարզի Վեսելո գյուղի գրավման մասին։ Պաշտոնական Կիևը այս տեղեկությունը չի հաստատել, բայց ուկրաինական DeepState նախագծի վերլուծաբանները եզրակացրել են, որ գյուղի մեծ մասը գրավված է։ Վեսելոն փոքր բնակավայր է, սակայն այս ուղղությամբ հաջողությունները կարող են վտանգել ուկրաինական դիրքերը Սեվերսկ քաղաքում։
«Զինամթերքի պակասը, արկերի քաղցը շատ իրական և հրատապ խնդիր է». Ուկրաինայի ՊՆ
Արդեն երկու տարի Ռուսաստանին դիմակայող Ուկրաինան սպառազինության կարիք ունի։ Պաշտպանության նախարարն այսօր ընդգծել է, որ ուկրաինական ուժերն այսօր զիջում են ռուսներին հենց այդ պատճառով։
«Այս պատերազմի իրականությունն այն է, որ Ռուսաստանը զգալիորեն գերազանցում է մեզ ամենօրյա հրետանային հարձակումներով: Զինամթերքի պակասը, արկերի քաղցը շատ իրական և հրատապ խնդիր է, որին այսօր բախվում են մեր զինված ուժերը։ Մենք պետք է ճանապարհ գտնենք այս խնդիրը միասին լուծելու համար: Մեր հրետանային կարողությունների մեծացումը կբարձրացնի մեր անվտանգությունը», - ասել է Ռուստեմ Ումերովը:
Ուկրաինայի ղեկավարներն ասում են՝ տվեք մեզ բավարար հրթիռներ և կործանիչներ, և ռուսները չեն հաղթի։ Ռուսներն էլ պարբերաբար հիշեցնում են, որ Ռուսաստանը միջուկային գերտերություն է։
«Նրանք չպետք է հույս ունենան, որ Ռուսաստանին ինչ-որ կերպ կարելի է հաղթել։ Սա արդեն բազմիցս ասվել է։ Միայն նրանք, ովքեր պատմության դասեր չեն քաղել, և քիչ բան գիտեն աշխարհագրությունից, կարող են նման բան պատկերացնել», - շեշտել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
40 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժությունները՝ Եվրոպայում
Երկու տարի առաջ, երբ ռուսական ագրեսիան նոր էր սկսվել, արևմտյան առաջնորդները գրեթե ամենօյա ռեժիմով հայտարարում էին, թե կօգնեն պաշտպանական զենքով, բայց չեն մասնակցում և չեն մասնակցի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի մղած պատերազին։ Այսօր հայտարարությունների տրամաբանությունը փոխվել է։ Արևմուտքում արդեն սկսել են խոսել Ռուսաստան-ՆԱՏՕ հնարավոր առճակատման մասին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն, օրինակ, մտավախություն էր հայտնել, որ Ուկրաինայում հաջողելու դեպքում Ռուսաստանը կարող է հարձակվել դաշինքի երկրներից մեկի վրա։ Մոսկվան հերքում է նման ծրագրերը, բայց ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերն այսօր ասել է, որ չի կարելի բացառել Ռուսաստանի հետ պատերազմը առաջիկա 20 տարում, ուստի դաշինքի երկրները պետք է պատրաստվեն դրան։
Այս ամիս Հյուսիսատլանտյան դաշինքը վերջին 40 տարվա ընթացքում իր ամենամեծ զորավարժությունները կանցկացնի Եվրոպայում, դրանց կմասնակցեն մոտ 90 հազար զինվորականներ, վարժանքներում կներգրավվի ցամաքային, օդային, ծովային ռազմատեխնիկա։ Steadfast Defender զորավարժությունները տեղի կունենան Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում։ Զորավարժությունների սցենարը, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ռուսական ներխուժումն է: