Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակը ծանր կորուստներ է կրում Գազայում


Իսրայելցի զինծառայողները Գազայի հատվածում, 22-ը հունվարի, 2024թ.
Իսրայելցի զինծառայողները Գազայի հատվածում, 22-ը հունվարի, 2024թ.

Գազայի հարավում շարունակվող կատաղի մարտերին զուգահեռ՝ Իսրայելը հաղորդում է ծանր կորուստների մասին։ Հոկտեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ իսրայելական բանակը մեկ օրում երկու տասնյակից ավելի զոհ է տվել։ Իսրայելական մամուլում և սոցիալական ցանցերում երեկվանից շրջանառվող այս տեղեկություններն այսօր առավոտյան հաստատեց Իսրայելի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, ծովակալ Դանիել Հագարին։

«Այս պահին մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ ժամը 4-ի սահմաններում ահաբեկիչներին հաջողվել է նռնականետից վնասել մեր տանկերից մեկը, որն այդ պահին ապահովում էր հետևակայինների անվտանգությունը։ Դրան զուգահեռ՝ մոտակայքում գտնվող երկհարկանի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այդ պահին տվյալ շրջանում գտնվող իսրայելական ստորաբաժանման զինծառայողների մեծ մասն այդ շենքի ներսում էին կամ անմիջական հարևանությամբ։ Ըստ ամենայնի, շենքում տեղի ունեցած պայթյունի պատճառը մեր իսկ սակրավորների կողմից տեղադրված ականներն էին, որոնցով հետագայում պետք է ոչնչացվեին ահաբեկչական ենթակառույցները», - հայտարարում էր Հագարին՝ նշելով, որ միջադեպի հետևանքով առնվազն 21 իսրայելցի զինծառայող է զոհվել՝ բոլորն էլ պահեստազորայիններ։

Ժամեր անց զոհերի պաշտոնական թիվն աճեց՝ հասնելով 24-ի։ Արաբական աղբյուրները պնդում են, որ իսրայելցի զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է, խոսվում է անգամ գերեվարված իսրայելցի զինվորականների մասին։ Պաղեստինցիները նաև պնդում են, որ ականապատված շենքը փլուզվել է ոչ թե վաղաժամ տեղի ունեցած պայթյունի, այլ «Համաս»-ի զինյալների գնդակոծության հետևանքով։

Այս բոլոր տեղեկությունները, սակայն, առայժմ պաշտոնապես չեն հաստատվում։ Փոխարենը, Գազայի հարավում տեղի ունեցած իրադարձություններն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին զիջումների անհնարինության մասին խոսելու ևս մեկ առիթ տվեցին։

«Երեկ պատերազմի սկզբից ի վեր արձանագրված ամենածանր օրերից մեկն էր։ Բայց միևնույն է՝ հանուն մեր հերոսների, հանուն մեր գոյատևման մենք չենք դադարի կռվել այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել ամբողջական հաղթանակի», - այսօր X-ի իր օգտահաշվում գրել է Իսրայելի վարչապետը։

Իսրայելական աղբյուրները պնդում են՝ ռազմական գործողությունների ինտենսիվության աճի գլխավոր պատճառն այն է, որ երկրի զինված ուժերը վերջին 24 ժամերին կարողացել են ավարտին հասցնել պատերազմի այս էտապում իրենց առջև դրված գլխավոր խնդիրներից մեկը՝ Եգիպտոսի հետ սահմանին գործող «Ռաֆահ» անցակետից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խան-Յունիս բնակավայրի շրջապատումը։ Պաղեստինցիների կողմից ցուցաբերվող համառ դիմադրությունն էլ Իսրայելի զինված ուժերը բացատրում են այն հանգամանքով, որ այստեղ իրենց դեմ կռվում են «Համաս»-ի ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկի՝ «Խան-Յունիսի բրիգադի» զինյալները:

Ռազմական փորձագետների և արևմտյան մամուլի գնահատմամբ՝ Խան-Յունիսի գրավումից հետո պատերազմի հաջորդ էտապը կարող է դառնալ Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող այսպես կոչված Ֆիլադելֆիական միջանցքի վրա իսրայելական վերահսկողության սահմանումը։ Սահմանի երկայնքով ձգվող 14-կիլոմետրանոց այս բուֆերային գոտին, իսրայելցիների պնդմամբ, Գազայի հանդեպ վերահսկողություն սահմանելու տեսանկյունից կենսական նշանակություն ունի։ Եգիպտոսի արտգործնախարարությունը, սակայն, արդեն իսկ հայտարարել է, որ Ֆիլադելֆիական միջանցքի գրավումն անխուսափելիորեն կհանգեցնի երկու երկրների հարաբերությունների կտրուկ վատթարացման։

Չդադարող ռազմական գործողություններին և զոհերի թվի աճին զուգահեռ՝ շարունակվում են նաև պատերազմի դադարեցմանն ուղղված գաղտնի բանակցությունները։ Դրանց վերջին փուլի մասին գրել է ամերիկյան Axios պարբերականը, որի տեղեկություններով՝ Իսրայելը Եգիպտոսի և Քաթարի միջոցով «Համաս»-ին կրակի դադարեցման առաջարկներ է փոխանցել։ «Իսրայելական կողմը «Համաս»-ին երկամսյա հրադադար է առաջարկում՝ փոխարենը պահանջելով փուլ առ փուլ ազատ արձակել հոկտեմբերի 7-ին գերեվարված բոլոր պատանդներին», - գրում է ամերիկյան պարբերականը` ընդգծելով, որ Նեթանյահուի կառավարությունը պատրաստ է անդրադառնալ նաև իսրայելական բանտերում պահվող 6 հազար պաղեստինցիների մի մասի ազատ արձակման հեռանկարին։ «Պատերազմի ամբողջական դադարեցման և բանտերում պահվող բոլոր պաղեստինցիների ազատ արձակման հարցը, սակայն, Իսրայելի կառավարությունը չի էլ քննարկում», - գրում է Axios-ը։

Միջնորդավորված բանակցությունների փաստն այսօր հաստատեց նաև Քաթարի արտգործնախարարությունը։

«Մենք երկու կողմերի հետ էլ լուրջ քննարկումների մեջ ենք, երկուսին էլ որոշակի գաղափարներ ենք ներկայացնում։ Պատասխանների հոսքը հակամարտող երկու կողմից չի դադարում, ինչը ինքնին լավատեսություն է ներշնչում», - այսօր Դոհայում հայտարարում էր Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ Ալ Անսարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG