Մատչելիության հղումներ

Իրանի ներգրավումը Մերձավոր Արևելքի հակամարտությանը հետզհետե ավելի ակտիվ բնույթ է ստանում


Իրանի ներգրավումը Մերձավոր Արևելքի հակամարտությանը հետզհետե ավելի ակտիվ բնույթ է ստանում: Նախօրեին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժը հրթիռակոծել է մի շարք թիրախներ հարևան երկրներում:

Քարտեզից երևում է՝ «Խեյդար» տեսակի չորս հրթիռներ արձակվել են դեպի արևելք՝ հատել են Իրաքի սահմանը և Իրաքյան Քրդստանում հարվածել թիրախներին: Ինչպես Թեհրանն է նշում՝ Էրբիլում հարվածի են ենթարկվել «իսրայելյան լրտեսական կենտրոնները»: Դեպի արևելք են արձակվել ևս չորս հրթիռներ, բայց դրանց թիրախները ոչ թե Իրաքում էին, այլ ավելի հեռու՝ Սիրիայում: Թեհրանը պնդում է, որ հարվածել է Իդլիբի մոտակայքում տեղակայված «իսլամական պետության» հենակետերին:

Բայց դրանով Իրանի գործողությունների աշխարհագրությունը բնավ չի սահմանափակվել: Մի քանի ժամ անց Իրանի հրթիռներն ու անօդաչուներն արձակվել են նաև դեպի արևմուտք և հարվածել մեկ այլ օտար երկրի՝ Պակիստանի տարածքում տեղակայված «Ջեյշ Ալ-Ադլ» անվամբ ահաբեկչական խմբավորման երկու կենտրոնակայաններին: Այդ խմբավորումը սատարում է Բելուջիստանի անջատականներին:

Այսպիսով, ժամերի տարբերությամբ հարվածներ երեք երկրների՝ Իրաքի, Սիրիայի և Պակիստանի տարածքներին: Սա, բնականաբար, խոշոր սկանդալ է առաջացրել, ընդ որում, Թեհրանում գիտակցում էին դրա անխուսափելիության մասին:

Իրաքը հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին, այսօր էլ՝ Պակիստանը: Ե՛վ Բաղդադում, և՛ Իսլամաբադում սպառնացել են, որ Իրանի գործողություններն անհետևանք չեն մնա:

Դավոսում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Պակիստանի վարչապետի պաշտոնակատար Անվար Ուլ Հաք Կաքարը հրաժարվել են խոսել միջադեպի մասին:

Ըստ իսրայելական կողմի, Իրանը տարբեր ճակատներով է հարձակվում Իսրայելի վրա

Մինչդեռ, տարածաշրջանում բոլոր մեծ ու փոքր դերակատարների ուշադրության կենտրոնում Գազան է: Այնտեղ ընթացող պատերազմի պայմաններում օդ բարձրացող ցանկացած մարտական հրթիռ ծայրահեղ մտահոգության առիթ է Իսրայելի համար, մանավանդ, երբ հրթիռն արձակվել է Իրանի տարածքից:

Իսրայելի կառավարության խոսնակ Ավի Հայմանն այսօր ասել է, թե Իրանը տարբեր ճակատներով է հարձակվում Իսրայելի վրա և դրա համար օգտվում է իրեն ենթարկվող դաշնակիցների ծառայություններից: Ըստ Իսրայելի, այդ դաշինքում են «Համաս»-ը և «Հեզբոլլահ»-ը, Եմենի հութիները և զանազան մոլեռանդ այլ զինված զորամիավորումներ, որոնց հիմնական հովանավորն ու գաղափարախոսկան-ռազմական մատակարարը Թեհրանն է:

«Մենք դատապարտում ենք Իրանի գործունեությունը և կոչ ենք անում միջազգային հանրությանը ոտքի կանգնել, մերժել Իրանի քայլերն ու հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել տարածաշրջանում», - ասել է Հայմանը:

Հարկ է նշել, որ Իրանն իր հրթիռներով մարտական պայմաններում երբեք այդ հեռահարությամբ չի հարվածել: Հրթիռը հասել է Իդլիբ, հետևաբար, անցել է ավելի քան 1200 կիլոմետր:

Վերլուծաբանների համոզմամբ, սա հստակ ուղերձ է հենց Իսրայելին առ այն, որ Իրանն ունի մինչև Իսրայելի տարածք առնվազն սովորական մարտագլխիկ հասցնելու տեխնիկական հնարավորություն, և եթե խիստ անհրաժեշտ լինի, ապա տեխնիկական հնարավորությանը կգումարի նաև ռազմաքաղաքական կամքն ու կհարվածի հրեական պետությանը: Ընդ որում, ըստ փորձագետների, ուղերձի հասցեատերը ոչ միայն Իսրայելն է կամ Ամերիկան, այլև տարածաշրջանի մինչև 1200 կիլոմետր շառավիղով որևէ երկի, որը ռազմաքաղաքական բարեկամական կապեր ունի Իսրայելի հետ և կոնֆլիկտի դեպքում իր տարածքը կտրամադրի Իրանի դեմ գործողության համար:

XS
SM
MD
LG