Մատչելիության հղումներ

«Իսրայելում սերմանում են ատելություն, որը բաժին կհասնի բազում սերունդներին». Բորել


Խան Յունիս պաղեստինյան ավանի ռմբահարումը, Գազայի հատված, 19 հունվարի, 2024թ.
Խան Յունիս պաղեստինյան ավանի ռմբահարումը, Գազայի հատված, 19 հունվարի, 2024թ.

«Նեթանյահուի պաշտոնավարումը հավերժ չի տևելու»

Եվրոպական միությունը կխստացնի դիրքորոշումը, եթե Իսրայելի ներկայիս կառավարությունը շարունակի մերժել Պաղեստինի պետության ստեղծումը. Եվրամիության (ԵՄ) արտգործնախարարներն այսօր Բրյուսելում քննարկում են ձեռնարկվելիք միջոցները:

Խաղաղության ծրագիրը ենթադրում է Պաղեստինի անկախ պետության ստեղծում և երկու պետությունների կողմից միմյանց ճանաչում:

Բրյուսելում մի անանուն դիվանագետ Financial Times-ին-ասել է, թե «Իսրայելի համար կան խրախուսական և հակախրախուսական միջոցներ, և եթե դժվար կլինի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին որևէ ծրագիր պարտադրել, ապա հարկ է գիտակցել, որ նրա պաշտոնավարումը հավերժ չի տևելու»:

Այսօր Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նախ հարցը քննարկելու են Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի, ապա Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքիի հետ: Բրյուսելում են նաև Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի արտգործնախարարները և Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը:

«Երկու պետությունների գաղափարն այլընտրանք չունի»

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատու Ժոզեպ Բորելի համոզմամբ՝ Եվրամիությունը գիտի, թե ինչ է արել «Համաս»-ը, և, իհարկե, մերժում ու դատապարտում է դա, սակայն խաղաղություն և կայունություն չի կարելի ապահովել միայն ռազմական ուժով։

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրոպական միությունում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:

«Համաս»-ը ոչնչացնելու Իսրայելի քաղաքականությունը սխալ է, և երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի համակեցության գաղափարն այլընտրանք չունի, այլապես ի՞նչ պետք է անեն պաղեստինցիները, ասել է Բորելը. - «Որո՞նք են մնացած լուծումները: Ստիպել բոլոր պաղեստինցիներին հեռանա՞լ։ Սպանե՞լ նրանց: Գազայում արդեն 25 հազար զոհ կա, 70 տոկոսը՝ կանայք և երեխաներ: «Համաս»-ը ոչնչացնելու ձևը սխալ է, իսրայելցիները հիմա սերմանում են ատելություն, որը բաժին կհասնի բազում սերունդներին»։

Իսրայելը մեղադրվում է ցեղասպանության համար

Պատերազմը Գազայում սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ «Համաս»-ի զինյալները հարձակվել են հրեական բնակավայրերի վրա: Իսրայելի զոհերի թիվը մոտ 1200 է, կան մեծ թվով վիրավորներ, ավելի քան 240 մարդ պատանդառվել է:

Նրանց մոտ կեսն ազատ է արձակվել նոյեմբերին հայտարարված հրադադարի օրերին, 132-ն ահաբեկիչների հսկողության տակ են, 27-ը սպանվել են:

Պաղեստինցիների զոհերի թիվը, ծայրահեղական «Համաս»-ին ենթարկվող առողջապահության ծառայությունների փոխանցմամբ, արդեն գերազանցել է 25 հազարը:

Արաբական և մահմեդական, ինչպես նաև մի շարք այլ երկրների պնդմամբ՝ Իսրայելը Գազայում պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում: Արդարադատության միջազգային դատարանը հունվարի 11-ից քննում է Իսրայելի դեմ ցեղասպանության մեղադրանքով Հարավային Աֆրիկայի հայցը:

«Խաղաղ բնակչության սպանությունների աննախադեպ ծավալ»

Եվրոպայում և Միացյալ Նահանգներում մերթ ընդ մերթ տեղի են ունենում ցույցեր՝ ի պաշտպանություն թե՛ Իսրայելի և թե՛ Պաղեստինի:

Արևմտյան երկրներում նույնպես խստորեն դատապարտում են Իսրայելի քաղաքականությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ հերթական անգամ Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները։

«Հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կատարած սարսափելի ահաբեկչությունից հետո Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զանգվածային ավերածություններ են և խաղաղ բնակչության սպանությունների այնպիսի հսկայական ծավալ, որը երբևէ չի եղել իմ պաշտոնավարման օրոք: Զոհվել են նաև ՄԱԿ-ի ավելի քան 150 աշխատակիցներ: Սա բացարձակ անընդունելի է»,- ասել է գլխավոր քատրուղարը:

Նեթանյահուն մնում է անդրդվելի

Մինչդեռ, Նեթանյահուն պնդում է, որ իր համար անընդունելին Պաղեստինի պետության ստեղծումն է: Նրա համոզմամբ՝ Գազայի հատվածը պետք է ապառազմականացվի և մնա Իսրայելի ուժերի լիարժեք վերահսկողության ներքո, քանի որ հակառակ դեպքում Իսրայելի անվտանգության երաշխիքներ չեն լինի:

«Քանի դեռ ես վարչապետ եմ, ես կշարունակեմ վճռականորեն պնդել դա։ Եթե ինչ-որ մեկն այլ կարծիք ունի, թող խիզախություն ցուցաբերի և անկեղծորեն արտահայտի իր դիրքորոշումն Իսրայելի քաղաքացիներին»,- ասել է Նեթանյահուն:

Պաղեստինն աշխարհին կոչ է անում խոսքից անցնել գործի

Վաղը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանդրադառնա Գազայի և Ուկրաինայի խնդիրներին: Պաղեստինի վարչապետ Մոհամադ Շտայեհը Ռամալլահում՝ ինքնավարության վարչակազմի նստավայրում միջազգային համայնքին այսօր կոչ է արել խոսքից գործի անցնել։

«Հորդանանի արևմտյան ափին և Գազայում այս իրավիճակին պետք է վերջ տալ: Սպանող մեքենան պետք է կանգ առնի: Կա երկու պետությունների գաղափարի վերաբերյալ միջազգային կոնսենսուս: Այն պետք է վերածվի գործնական քայլերի, որոնք փաստացի կապահովեն պետության ստեղծումը։ Աշխարհը պետք է սկսի մտածել խաղաղությունը մերժող Իսրայելի նկատմամբ պատիժ սահմանելու մասին»,- ասել է Շտայեհը:

XS
SM
MD
LG