«Խաղաղության պայմանագրի վերջին տարբերակը, որ ուղարկվել է Բաքու, կրկին այնտեղ տեղ են գտել այն դրույթները, որոնք մեզ համար շատ սկզբունքային են», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ շեշտելով՝ Հայաստանը շարունկելու է պնդել այդ սկզբունքները։
Այլ մանրամասներ պատգամավորը չներկայացրեց։
Երևանը նախօրեին հաղորդեց, որ խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթաց է տեսել։
«Դինամիկան դրական ենք գնահատում, բայց հարցեր կան, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում մենք որոշակի հետընթացներ ենք տեսել: Բայց ընդհանուր առմամբ նաև կան կետեր, որտեղ առաջընթաց ենք գրանցել», - Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Խաղաղության պայմանագրի նախագծի ադրբեջանական նոր առաջարկները Երևանը դեկտեմբերի վերջին էր ստացել գրեթե երկու շաբաթ անց էլ՝ հունվարի 4-ին պատասխանել։
«Մեր ակնկալիքն է Ադրբեջանից և այս այդ բանակցությունների գործընթացից, որ էդ պայմանավորվածությունները, որոնք հայկական կողմը շարունակաբար արձանագրում է խաղաղության համաձայնագրում, ընդունվեն Ադրբեջանի կողմից վերջիվերջո և դրանց մասին հրապարակային խոսի Ադրբեջանը։ Երբ որ դրանք չեն ընդունվում, նշանակում է, որ այդ պայմանագիրը տվյալ պահին ստորագրելի չի կարող լինել», - ասաց Խանդանյանը։
Հղում անելով բանակցային էթիկային, Արմեն Գրիգորյանը չէր մանրամասնել, թե ադրբեջանական վերջին առաջարկներում Երևանը ինչն է հետընթաց համարում։
Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել, որ խաղաղության պայմանագիր կնքելու հիմնական սկզբունքները երեքն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի գործընթացի քաղաքական հենքը Ալմաթիի հռչակագիրն է, տարածաշրջանային կոմունիկացիաները բացվում են երկրների իրավազորության, սուվերենության հարգմամբ՝ փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա։
Այս երեք սկզբունքները արձանագրվել են մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վաչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով։
«Եթե Ադրբեջանը չի հրաժարվում այս պայմանավորվածություններից և սկզբունքներից, մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական», - 2023-ի դեկտեմբերին «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպմանը հայտարարել էր Հայաստանի վարչապետը։