Մատչելիության հղումներ

Երևանը կարող է ընդունել սահմանազատումը խաղաղության համաձայնագրից տարանջատելու՝ Բաքվի առաջարկը


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Երևանի համար կարող է ընդունելի լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները խաղաղության համաձայնագրից առանձին որոշելու՝ Բաքվի առաջարկը։

Սահմանազատման-սահմանագծման պրոցեսը կարող է իրոք շատ երկար տևել, ԱԺ-ի նախագահն այսպես հիմնավորեց իր կարծիքը: Սահմանազատման հարցերով հայկական հանձնաժողովը նախագահող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ մի քանի օր առաջ չէր բացառել, որ գործընթացը երկար կտևի՝ գուցե տարիներ։

«Իրական խաղաղության գնացող երկիրը որևիցե խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ, իմ կարծիքով, և կարծում եմ, որ՝ այո, ինչ-որ հարցեր ֆիքսելուց հետո կարող ենք այդ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, հասարակություններին խաղաղության մթնոլորտում և խաղաղության բերելուց հետո, այո, կարող է նաև նման բան լինել», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Արմեն Ռուստամյան, արխիվ
Արմեն Ռուստամյան, արխիվ

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է՝ եթե Հայաստանը սահմանները չամրագրի, իշխանության հայտարարած 29 հազար 800 քառակուսի կմ-ն էլ չի հաջողվելու ստանալ։

«Սա բխում է միայն Ադրբեջանի շահերից», - ասաց ռուստամյանը՝ նշելով, - «ի՞նչ է նշանակում՝ չսահմանազատենք, լավ, սահմանագծելը հասկանալի է՝ մի քիչ ավելի մանրամասն պրոցես է, բայց առնվազն սահմանազատումը պետք է իրականացնել: Մենք պետք է հնարավորինս այնպես անենք, որ նոր լարումների, բախումների առիթներ հետագայում չլինեն: Իսկ ինչքան անորոշությունները շատ լինեն պայմանագրի մեջ, այնքան դրա հնարավորությունը շատ ավելի մեծանալու է: Ամեն մեկը յուրովի է մեկնաբանելու, և դա հենց ուզում է Ադրբեջանն անի: Այսինքն՝ այն, ինչ որ ստացել է, ամրագրի վերջնական, դե յուրե, բայց այն, ինչ որ ուզում է հետագայում ստանալ, դրա համար խոչընդոտներ չլինեն, իսկ դա ինչպե՞ս է պետք անել, պետք է այնպիսի ձևակերպումներ լինեն ոչ հստակ, անորոշ, որ տարբեր մեկնաբանությունների տեղիք տան»:

Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էդուարդ Աղաջանյանն էլ նշեց. - «Մենք կիսում ենք այդ անհանգստությունները, բայց հավելելով նաև այդ անհանգստություններին և այդ պատճառներին, կարելի էր ևս տասնյակ այլ պատճառներ ու սցենարներ նկարագրել, որոնց պայմաններում, այնուամենայնիվ, չի բացառվի այդ ռիսկն ու վտանգը, հետևաբար, շատ կարևոր է, որ այն փաստաթուղթը, որը կստորագրվի, մանրամասնորեն նաև կանդրադառնա դրա իրագործելիության մեխանիզմներին ու դրանց կիրարկմանը, և այս ուղղությամբ մեր կողմն աշխատում է»:

Ուրեմն ինչպե՞ս է Երևանը պատկերացնում մեխանիզմը, եթե Բաքվի առաջարկն է ընդունվում՝ խաղաղության պայմանագրում պե՞տք է ահմանազատման մասին կոնկրետ ամրագրում լինի, պե՞տք է կոնկրետ քարտեզների հղում լինի, թե՞ առանց դրա էլ կլինի։

Էդուարդ Աղաջանյան, արխիվ
Էդուարդ Աղաջանյան, արխիվ

Էդուարդ Աղաջանյանը վաղ համարեց դետալների մասին խոսել, պնդում էր՝ Երևանն ու Բաքուն դեռ տարբերակներ են քննարկում, վերջնական որոշում չկա։ Միայն ասաց՝ Հայաստանի համար սկզբունքային է, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը հայ-ադրբեջանական փաստաթղթում ամրագրվի՝ լինի դա խաղաղության պայմանագիրը, թե կից փաստաթուղթ:

«Հիմա թե դա կլինի սահմանազատման գործընթացին զուգահեռ արձանագրում հանած էն հետքաշումը կամ որևէ այլ ձևաչափով, այս պահին դեռ վաղ է ասել: Բայց մի բան հստակ է, որ այս կետը ամենասկզբունքային, թերևս մեր կառավարության համար, կետերից է, որ պետք է ամրագրվի և որի շուրջ, ի դեպ, գոյություն ունի և ձևավորվել է մեծ միջազգային կոալիցիա, կարելի է ասել, Հայաստանի շուրջ: Եվ այս հարցում, կարելի է ասել, որ Ադրբեջանը գրեթե միայնակ է», - ասաց Աղաջանյանը:

Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումից հետո էլ հայաստանցի պաշտոնյաները հայտարարում են՝ համաձայնություն չկա՝ որ թվի քարտեզներով է լինելու սահմանազատումը, Երևանը ԽՍՀՄ 1975-90 թվականների քարտեզներին է կողմ: Պաշտոնական Բաքուն, մինչդեռ, հայտարարել է, թե 1975 թվականի քարտեզը, որին հղում է անում Հայաստանը, գոյություն չունի։ Ավելին, Ադրբեջանը պնդում է՝ «սահմանազատումը միայն քարտեզներով չի արվում»։

Մինչ Երևանը հայտարարում է՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքի մոտ 150 քառակուսի կիլոմետրը, Բաքվից հակադարձում են՝ այնտեղ, որտեղ կանգնած են իրենց զորքերը, ադրբեջանական հողեր են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG