Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին խոսում է դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի, 100 հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին


Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։ Այդ մասին գերմանական Berliner Zeitung-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, պնդելով, թե «Երևանը նման պարտավորություն է ստանձնել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությամբ»։

«Հայաստանը պարտավորվել է անխոչընդոտ կապ երաշխավորել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, Ադրբեջանի նախագահն այդ դրույթին է հղում անում», - ասել է նա։

Արդյո՞ք, ըստ Ադրբեջանի, այս տողերը նշանակում են, որ Հայաստանը պետք է հրաժարվի սահմանային ու մաքսային վերահսկողությունից, հարցրել է գերմանացի լրագրողը։

«Կարճ կպատասխանեմ՝ այո, այդ իսկ պատճառով փաստաթղթում ներառված է անխոչընդոտ բառը՝ ուղևորների ու բեռների տեղափոխման վերաբերյալ։ Հայաստանը ստորագրել է այդ պարտավորության տակ։ Միաժամանակ, պետք է հստակեցնել, որ մենք ակնկալում ենք սահմանային ու մաքսային վերահսկողության չեղարկում միայն Ադրբեջանից Նախիջևան տեղափոխվող բեռների համար։ Բայց երբ Ադրբեջանից ապրանքները տեղափոխվեն երրորդ երկիր, իհարկե, Հայաստանը պետք է համապատասխան մաքսային ու սահմանային վերահսկողությունն իրականացնի», - ասել է Հաջիևը:

Նա, մասնավորապես, նշել է, թե Ադրբեջանը չի վստահում հայ իրավապահներին, թեև մինչ այդ ասել էր, որ երկու երկրները հիմա մոտ են խաղաղությանը։ «Մեր մտահոգությունն այն է, որ չենք կարող ադրբեջանական ապրանքները, մեր ուղևորներին թողնել հայ իրավապահների քմահաճույքին։ Հայաստանով երթուղին Երևանի պարտավորությունն է, որը նրանք պետք է իրագործեն», - ասել է Հաջիևը։

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, համաձայն չէ անխոչընդոտ անցման՝ Բաքվի մեկնաբանությանը և հայտարարում է, թե ճանապարհները պետք է բացվեն ըստ Հայաստանում գործող օրենքների՝ առանց որևէ արտոնության ու բացառության։ Վերջին ամիսներին Երևանը նաև շրջանառում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տարածաշրջանում համագործակցության ու հաղորդակցության ուղիների բացման առաջարկ։

Բաքուն, փաստացի, այդ պայմանները չի ընդունում։ Ավելին, Ադրբեջանի նախագահի խորհրդականն ասել է, թե այդ նախագծով Երևանը փորձում է խույս տալ ստանձնած պարտավորություններից։ Հաջիևը նաև հստակեցրել է՝ ըստ Բաքվի որտեղով պետք է անցնի այդ ճանապարհը, և էլ ինչ տարաձայնություններ կան։

«Մենք նկատի ունենք ամենակարճ ուղին, որը պետք է անցնի խորհրդային տարիներին գործող երկաթուղու երկայնքով։ Թեև Հայաստանն ասում է, որ շահագրգռված է այդ երկաթգծի վերականգնմամբ, բայց ընդդիմանում է զուգահեռ ավտոճանապարհի կառուցմանը՝ առաջարկելով Ադրբեջանին դրա փոխարեն առավել երկար, անհարմար ու եղանակային պայմանների փոփոխություններից կախված հյուսիսային երթուղի», - ասել է Իլհամ Ալիևի խորհրդականը:

Այս պահանջների իրագործումը, ըստ Հաջիևի, չի վտանգում Հայաստանի ինքնիշխանությունը կամ հարաբերությունները Իրանի հետ, քանի որ «այդ երթուղիները հատվում են, բայց չեն արգելափակում իրար»։ «Միջանցք» տերմինը չպետք է վախեցնի Հայաստանին, այն լայնորեն կիրառվում է տրանսպորտային երթուղիների համատեքստում», - ասել է Հաջիևը, հավելելով՝ Բաքուն պատրաստ է դիտարկել Նախիջևանի հետ կապի տարբերակներ, օրինակ՝ Կալինինգրադի մոդելով։

20 տարի առաջ Մոսկվայի ու ԵՄ-ի միջև ձեռք բերված համաձայնությամբ, Ռուսաստանի քաղաքացիները իրավունք ունեն Լիտվայի ցամաքային տարածքով Կալինինգրադից հասնել Ռուսաստան՝ հատուկ տարանցման փաստաթղթով․ այս դեպքում ՌԴ քաղաքացիներին անհրաժեշտ չէ Շենգենյան վիզա ունենալ։

Բեռների փոխադրման մասով էլ Հաջիևը պնդել է, թե Ադրբեջանը մտադիր չէ հավերժ սպասել, մինչև Հայաստանը կտա իր համաձայնությունը, և հիմա այլընտրանքային ուղիներ է զարգացնում Իրանի տարածքով, նաև ավելացնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի թողունակությունը։ Միաժամանակ Ալիևի խորհրդականն ընդգծել է, որ Իրանով ճանապարհ անցկացնելը չի նշանակում, թե Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհից։

«Մեզ համար միշտ կարևոր է ունենալ այլընտրանքներ», - պնդել է Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի խորհրդականը նաև հարց է բարձրացրել «հարյուր հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքի մասին»: «Հայաստանի վարչապետը նրանց Հայաստանի անվտանգության սպառնալիք է որակում, ինչը անընդունելի է։ Չի կարելի մի կողմից խաղաղության դարաշրջանի մասին հայտարարել, մյուս կողմից որպես սպառնալիք դիտարկել ադրբեջանցի փախստականներին, որոնք ուզում են վերադառնալ», - ասել է Հաջիևը, պնդելով, թե այդ արդբեջանցիները վերադառնում են իրենց «պատմական հայրենիք»։

«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը՝ Հայաստանից արտաքսված փախստականները, մշտապես ընդգծում են, որ հարգում են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նրանց նպատակն է խաղաղ վերադառնալ իրենց հայրենի հողեր Հայաստանում», - նշել է նա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG