Մատչելիության հղումներ

Երևանը խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթաց է տեսել. Արմեն Գրիգորյան


Երևանը խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթաց է տեսել՝ խոսելով Բաքվից ստացած նախագծից՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հղում անելով բանակցային էթիկային, սակայն, չմանրամասնեց՝ ադրբեջանական վերջին առաջարկներում Երևանը ի՞նչն է հետընթաց համարում, ինչն՝ առաջընթաց։

«Դինամիկան դրական ենք գնահատում, բայց հարցեր կան, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում մենք որոշակի հետընթացներ ենք տեսել: Բայց ընդհանուր առմամբ նաև կան կետեր, որտեղ առաջընթաց ենք գրանցել», - նշել է Գրիգորյանը:

Խաղաղության պայմանագրի նախագծի ադրբեջանական նոր առաջարկները Երևանը դեկտեմբերի վերջին էր ստացել։ Դրանից հետո ոչ միայն ադրբեջանցի պաշտոնյաներն են լավատեսական հայտարարություններ արել, այլև՝ հայաստանցի։ Կողմերը նախագիծը, սակայն, չեն գաղտնազերծում:

«Խաղաղության հնարավորությունը երբեք այսքան մոտ չի եղել», - հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Առաջարկներն ուղարկելուց առաջ ու դրանից հետո Ադրբեջանից մի շարք պայմաններ են առաջ քաշվել՝ Բաքուն Երևանից պահանջում է դեպի Նախիջևան առանց մաքսային ու սահմանային վերահսկողության ճանապարհ, խաղաղության պայմանագիրն ու սահմանազատման գործընթացը միմյանցից տարանջատել, խոսում է նաև ադրբեջանցի փախստականների վերադարձից:

Արդյոք դրանք են ադրբեջանական նոր առաջարկները, պարզ չէ. Արտգործնախարարությունից ողջ օրը չպարզաբանեցին՝ կոնկրետ ի՞նչ հետընթացի մասին էր խոսում Արմեն Գրիգորյանը։

Արդյոք խաղաղության պայմանագրում Հայաստանի 29 800 քառ. կմ տարածքային ամբողջականության ամրագրման մասին կետ կլինի

ԱԽ քարտուղարի խոսքից նաև պարզ չդարձավ՝ արդյոք խաղաղության պայմանագրում Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականության ամրագրման մասին կետ կլինի, թե՝ ոչ։ Ընդդիմությունը պնդում է՝ Ադրբեջանի ուղարկած նախագծում 29.800-ի մասին բառ չկա։

Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ տարածքը ճանաչող հայաստանցի պաշտոնյաներն անցած տարվա ընթացքում կարևորում էին, որ խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ կնքվի, այդ թվում` Հայաստանի 29.800 քառ. կմ տարածքը ճանաչելու սկզբունքով։

Չնայած հենց Երևանն էր ամիսներ շարունակ ակնկալում, որ Ադրբեջանը վերահաստատի բրյուսելյան պայմանավորվածությունները, բայց երեկ Արմեն Գրիգորյանը հենց դրանց հղում արեց:

«29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասով, նախ, եռակողմ պայմանավորվածություն է եղել Բրյուսելում, Շառլ Միշելի հայտարարությունում սա արձանագրված է: Ալմա Աթայի հռչակագրին հղում կա խաղաղության պայմանագրում: Ալմա Աթայի հռչակագիրն ի՞նչ է ասում, որ Խորհրդային միության անդամ պետությունները իրենց ադմինիստրատիվ սահմանները ճանաչում են որպես միջպետական սահմաններ Խորհրդային միության փլուզումից հետո, և մեր խնդիրն է, որպեսզի կարողանանք խաղաղության պայմանագրում արձանագրենք այն բոլոր սկզբունքները, որոնց հիման վրա դելիմիտացիա և դեմարկացիա է կատարվելու Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև ու դրանով էլ արձանագրվելու է Հայաստանի Հանրապետության սահմանն ու տարածքը», - նշել է Գրիգորյանը:

Ադրբեջանական վերջին առաջարկներին 5 օր առաջ ԱԳՆ-ում նաև դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանն է ծանոթացել, նրան հարցրինք՝ երկրների տարածքները կիլոմետրերով նախագծում հիշատակվա՞ծ են:

«Փաստաթղթի մասին որևէ մանրամասներ չեմ կարող ներկայացնել: Դա Իշխան Սաղաթելյանի արած հայտարարությունն է, որը, ինչքան հասկացանք, Արմեն Գրիգորյանը չժխտեց, մեզանից որևէ մեկը չի լսել, որ Ալիևն ասի՝ ես Հայաստանի ինչ-որ մի մակերես ճանաչում եմ», - պատասխանեց Խաչատրյանը:

Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը, չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները, հայտարարում էր՝ ադրբեջանական վերջին առաջարկները ոչ թե խաղաղություն ցանկացող պետության, այլ Հայաստանի համար նոր սպառնալիքներ ստեղծող առաջարկներ են։ Արմեն Գրիգորյանը մինչդեռ Հանրայինի եթերում պնդում էր, թե Երևանն իր առաջարկներով ստեղծում է անվտանգության երաշխիքներ։

Բացառեց միջանցք տրամադրելու տարբերակը։ Հղում արեց ադրբեջանական բանավոր վստահեցումներին, թե ընդունում են սուվերենության հիմքով ապաշրջափակման սկզբունքը:

«Դրանով է ապաշրջափակումը կատարվելու: Մենք առաջարկում ենք դելիմիտացիայի գործընթացից բացի, քանի որ մենք գնում ենք դեպի խաղաղության, զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա՝ հիմք ընդունելով 74-78 թվականների Խորհրդային միության Գլխավոր շտաբի քարտեզները, և սրա հիման վրա, եթե մենք նաև կարողանում ենք համաձայնեցնել, որպեսզի զորքերը հետ քաշվեն, դրանք խաղաղության երաշխիքներ են», - ասել է Գրիգորյանը:

«Հետքաշման պահանջը Ադրբեջանը ժխտել է, ստորագրում են իրենք խաղաղության պայմանագիր՝ սահմանների հարցը բաց թողնելով, ական են դնո՞ւմ երկրի տակ: Նմանապես հաղորդակցության խնդիրները: Ինչքան էլ այս իշխանությունները հայտարարեն ինքնիշխանության մասին այդ ճանապարհի վրա, վերջերս Շառլ Միշելը հայտարարեց, որ ռեժիմի շուրջ կա վեճ և Փաշինյանը հող է նախապատրաստում ընկրկելու համար, ասում է՝ ինքնիշխանություն կլինի, բայց ռեժիմը կլինի ավելի մեղմ, իսկ որտեղո՞վ է անցնում մեղմ ռեժիմի ու ինքնիշխանության կորստի միջև սահմանը», - ընդգծեց Խաչատրյանը:

Բաքվի առաջարկներին Երևանն այս անգամ բավականին արագ պատասխանեց՝ համենայնդեպս ստանալու մասին պաշտոնական հայտարարությունից մոտ 10 օր անց։ Հայկական կողմն, ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի, հունվարի 4-ին է իր տարբերակն ուղարկել։

Երևանը չի արձագանքել սահմանին արտգործնախարարների հանդիպում անցկացնելու՝ Բաքվի առաջարկին, փոխարենը Արմեն Գրիգորյանն ասաց՝ Միացյալ Նահանգները կրկին փորձում է Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կազմակերպել։ Անցած տարեվերջին Բաքուն հրաժարվել էր արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հանդիպումից՝ Վաշինգտոնին մեղադրելով կողմնակալության մեջ։

Երևանը կրկին վերահաստատել է դրանց մասնակցելու իր պատրաստակամությունը, իսկ Բաքո՞ւն։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն լինելու դեպքում այդ մասին կտեղեկացնենք, «Ազատությանը» փոխանցեցին Արտգործնախարարությունից։

Այս պահին հայտնի է միայն հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպման համաձայնության մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG