Ռուսաստանը չի խանգարում Միացյալ Նահանգներին՝ ջանքեր գործադրելու հայ - ադրբեջանական կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Հիշեցմանը, որ Վաշինգտոնում մինչև 2023 թվականի ավարտը բանակցելու՝ երկու երկրների արտգործնախարարներին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերն անարդյունք մնաց, և դիտարկմանը, թե Ռուսաստանն օտարերկրյա կառավարություններին հորդորել է չմիջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, Մեթյու Միլլերն արձագանքել է. - «Ոչ, Ռուսաստանը որևէ ձևով չի խանգարում մեզ ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել, որոնք, կարծում ենք, անհրաժեշտ են Ադրբեջանին և Հայաստանին, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրանց»:
Հարցին էլ՝ ե՞րբ է պաշտոնական Վաշինգտոնն ակնկալում հյուրընկալել նախարարներին, Պետքարտուղարության խոսնակը պատասխանել է. - «Հետևեք, մենք հայտարարությամբ հանդես կգանք, երբ նշանակվի հանդիպում»:
Պաշտոնական Երևանը դրական էր արձագանքել Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման Բլինքենի առաջարկին: Բաքուն, մինչդեռ, պնդել էր, թե կողմնակալ է համարում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի՝ նոյեմբերի15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներում արտահայտած կարծիքները, և պահանջել Վաշինգտոնից փոխել դիրքորոշումը՝ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացում միջնորդելու համար:
Օ'Բրայենը քննադատել էր ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական հարձակումը, որն ի վերջո հանգեցրեց Արցախի հայաթափմանը: