Ասֆալտապատված հարյուրավոր կիլոմետրեր, ներդրումներ համայնքներում, կրճատումներ մարզպետարաններում
Ասֆալտապատված հարյուրավոր կիլոմետրեր, ներդրումներ համայնքներում, կրճատումներ մարզպետարաններում և այլն. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր լրագրողներին իր ղեկավարած գերատեսչության մեկ տարվա աշխատանքը ներկայացրեց։
Հայաստանի ամենամեծ գերատեսչություններից մեկը 2023-ի համար շուրջ 300 միլիարդ դրամ բյուջե ուներ ու շահառուների, ծրագրերի շատ լայն շրջանակ՝ ճանապարհաշինությունից մինչև ջրային ռեսուրսներ ու տեղական ինքնակառավարում։ Նախարարի հավաստիացմամբ՝ իրենց կատարողականը գրեթե 100 տոկոս է։
«Ծախսել ենք 270 միլիարդ, մեր նախարարության կատարողականը 98 տոկոս է, այս կատարողականի մեջ, իհարկե, կան կապիտալ ծրագրեր և ընթացիկ ծրագրեր, կապիտալ ծրագրերի միջինացված կատարողականը 96 տոկոս է», - ասաց նա։
Տարածքային նախարարությունը նաև աշխատում է կառավարության նախանշած «300 դպրոց, 500 մանապարտեզ» ծրագրի վրա. Սանոսյանը թվեր ներկայացրեց. - «470 մանկապարտեզ կամ նախակրթարան, որոնք կամ ավարտվել են, կամ շինարարության փուլում են, կամ մրցույթային փուլում են»։
Արդեն 2.5 տարի այս գերատեսչությունը ղեկավարող Գնել Սանոսյանին լրագրողներն այսօր բազմաթիվ հարցեր ուղղեցին՝ անկլավներից մինչև Հյուսիս-Հարավի շինարարություն ու օդանավակայաններ։
Սանոսյանը՝ Բաքվի պահանջած «ութ գյուղերի» մասին
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են պնդել, թե տարածքներ ունեն մինչ օրս չգծված սահմանից այն կողմ։ Բաքուն, մասնավորապես, հայտարարում է, թե հայկական կողմի վերահսկողության տակ է 8 գյուղ, Երևանն էլ խոսում է Արծվաշենի, Շահումյանի ու Տավուշի մարզի մի քանի գյուղերի վարելահողերի մասին, որոնք 90-ականներից հետո անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Ադրբեջանի արտգործնախարարը նախօրեին պնդել էր, թե «իրենց պահանջած ութ գյուղերի հարցը բոլոր հանդիպումներում բարձրացնում են, և դրանց պատկանելությունը չի վիճարկվում»: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը այսօր այս մասին հարցին արձագանքեց՝ լուծման երկու տարբերակ կա՝ կա՛մ պահպանվում է առկա իրավիճակը, կա՛մ փոխանակում է տեղի ունենում։
Թե Բաքուն, թե Երևանը նշում են, որ վիճահարույց այդ տարածքների ճակատագիրը կորոշվի սահմանազատման աշխատանքների շրջանակում։
«Հիմա գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ, որ այդ տարածքները նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը պետք է հանել, որովհետև ուրիշ բան է որևէ տարածքի մասին խոսել, ուրիշ բան է այդ տարածքի իրավաբանական կարգավիճակը, կարգավորումները, առկա հիմքերը և այլն, այնուհետև տեղի ունենա երկու գործընթաց՝ մեկը՝ փոխանակում և մյուսը՝ ֆիզիկապես թողնել, զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ։ Կարգավորում նկատի ունեմ, որ այդ տարածքները որոշակի մակերես ունեն, և դելիմիտացիա, դեմարկացիա կոչվող երևույթը կարող է այս հարցերի պատասխանը տալ», - նշեց նախարարը:
2024-ին առաջին անգամ հարավում կունենանք շինարարություն. նախարար
Գործադիրը հայտարարում է՝ 2023-ն առանձնացել է նաև Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքներով ու դրանց պլանավորմամբ։ 2009-ին սկսված ծրագիրը դեռ 4 տարի առաջ պետք է ավարտված լիներ: Մինչ օրս, սակայն, 556 կիլոմետրանոց նախագծի միայն 50 կիլոմետրն է ամբողջությամբ պատրաստ, քննիչներն էլ մնացյալի վերաբերյալ տասնյակ քրեական գործեր են բացել։ Իշխանությունները հիմա էլ չեն ասում՝ երբ պատրաստ կլինի Վրաստանի սահմանից մինչ Իրան ձգվելիք արագընթաց մայրուղին:
Երկար ու ձիգ տարիներից հետո այս աշնանը հայտարարվեց ճանապարհի ամենահարավային հատվածի՝ Ագարակ-Քաջարանի շինարարության մեկնարկի մասին, իրանցիները կկառուցեն։
«Փաստացի 2024 թվական կմտնենք, արդեն որոշակի կազմապերպչական նախապատրաստական աշխատանքից հետո առաջին անգամ հարավում կունենանք շինարարություն», - նշեց Սանոսյանը։
Չնայած փոքր ուղևորահոսքին, Երևան-Կապան ավիափոխադրումները կշարունակվեն
Կառավարությունը վաղուց անոնսում է նաև Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության հնարավոր մեկնարկը, բայց առայժմ որևէ հստակ տեղեկություն չկա՝ ով է կառուցելու ու ինչ ժամկետներում. ո՞րն է ձգձգումների պատճառը։ Նախարարի խոսքով՝ բարդ հատված է, մասնագիտական վեճ էլ կա. - «Հաշվի առնելով, որ մեծ պրոյեկտ է, մենք փորձում ենք միասին այս փուլը ոչինչ, որ երկարում է, այնպես անցնել, որ հետագայում շինարարության ընթացքում ի հայտ չգան խնդիրներ, և շինարարության փուլում չսկսենք կանգնել, այսինքն՝ գերադասել ենք հիմա միմյանց միջև բոլոր հարցերը այս փուլում լուծել, որից հետո ընտրել շինարարական ընկերություն կամ ընկերություններ և շինարարությունն անել»։
Այս տարի Երևանի ու Կապանի միջև ավիափոխադրումներ սկսվեցին 17 մարդու համար նախատեսված ինքնաթիռով։ Մասնագետները առաջին իսկ թռիչքներին զուգահեռ հայտարարում էին՝ այս չվերթներն արդյունավետ չեն լինելու։ Բացի այդ, ադրբեջանական կողմից կրակոցներ եղան օդակայանի ուղղությամբ։ Նախարարն այսօր չթաքցրեց՝ չվերթները թեև կանոնավոր իրականացվել են, բայց ինքնաթիռը կիսադատարկ է թռչում. - «Իրականացրել ենք 22 չվերթ, սա նշանակում է՝ տեղափոխել ենք ընդամենը 189 ուղևոր, հիմնականում մեծ մասում լինում է, որ տոմսերը բոլոր վաճառված չեն»։
Չնայած փոքր ուղևորահոսքին, Երևան-Կապան ավիափոխադրումները, նախարարի հավաստմամբ, կշարունակվեն։