Մատչելիության հղումներ

ՀՀ-ում ադրբեջանական անկլավների ի՞նչ իրավական հիմքեր կան. կառավարությունից արձագանքում են


«Վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արծվաշենի նկատմամբ, Ադրբեջանը՝ իր դե յուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ», - վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից մեկ շաբաթ անց կառավարությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են՝ Հայաստանում ադրբեջանական անկլավների իրավական հիմքերի առկայությանն առնչվող հարցերին ճշգրիտ հնարավոր կլինի պատասխանել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի արդյունքում։

«Կողմերը միմյանց կներկայացնեն սահմանազատման գործընթացի համար բավարար իրավական նշանակություն ունեցող փաստաթղթեր և համաձայնության կգան դրանց շուրջ», - հայտնել են գործադիրից։

Մինչդեռ մեկ շաբաթ առաջ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետը խոսում էր դե յուրե արձանագրված որոշումներից։ Կառավարությունից ընդգծում են՝ այս պահին Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքական բարձր մակարդակում են հաստատել, որ կա անկլավ/Էքսկալվի խնդիր, որն անհրաժեշտ է հասցեագրել։

Մոտ երկու տարի առաջ Հայաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց թվում՝ վարչապետ Փաշինյանը, պնդում էին, թե իրենց ձեռք տակ առկա փաստաթղթերի ուսումնասիրությամբ Հայաստանում ադրբեջանական անկլավների իրավական հիմքեր չկան։

Ու թեև մայիսի 14-ի բրյուսելյան հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը չի ներառում անկլավները, միևնույն է շեշտում էր, թե դա ընդամենը քաղաքական արձանագրում է, որի իրավական ձևակերպումները դեռ պետք է տրվեն:

«Արծվաշենը վերադառնա Հայաստանի ինքնիշխանության ներքո, էն մյուս տարածքները վերադառնան, որոնք դե յուրե կհիմնավորվեն, որովհտև էս նրբությունները պետք է հաշվի առնեն, որովհետև էդ իրավական մասերը մինչև վերջ ուսումնասիրված չեն», - նշել է վարչապետը:

Քաղաքագետի կարծում է՝ անկլավների հարցով իշխանությունը վատթարագույն սցենարով է շարժվում

Թեև Բաքվից վերջերս հերթական անգամ պնդեցին՝ «ադրբեջանական ութ գյուղեր հայկական օկուպացիայի տակ են և պետք է վերադարձվեն», հայաստանցի պաշտոնյաները շարունակում են հավաստիացնել, թե հարցի վերաբերյալ դեռ որոշում չկա: Իսկ լուծման երկու տարբերակ են նշում՝ կա՛մ պահպանվում է առկա իրավիճակը, կա՛մ անկլավների փոխանակում է տեղի ունենում: Այս ֆոնին պաշտոնական Երևանը բացի Արծվաշենից հիշատակում է նաև Տավուշի մարզի մի քանի գյուղերի վարելահողեր:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ իշխանությունը հանրությանն այժմ նախապատրաստում է վատթարագույն սցենարին, որն ըստ նրա՝ փոխանակման տարբերակն է:

«Արծվաշենի պարագայում դժվար թե Հայաստանը կարողանա օգտագործել այդ տարածքը, որովհետև ամբողջովին մեկուսացված է լինելու, այսպես ասած, մայրցամաքային Հայաստանից: Իսկ Ադրբեջանի պարագայում այդ տարածքները բնակեցնելու խնդիր էլ չի լինելու, Ադրբեջանը կարող է պարզապես այդ անկլավներն օգտագործել որպես ռազմական հենակետեր, օրինակ, Հայաստանի դեմ, որպես Հայաստանի վրա հավելյալ վերահսկողություն ու ճնշում գործադրելու գործիքներ», - ասաց քաղաքագետը:

Փաշինյանը անցած ուրբաթ օրը քաղաքացիների հետ հարցուպատասխանի ընթացքում խոսելով թեմայից այդպես էլ չհստակեցրեց՝ որն է Երևանի համար նախընտրելի տարբերակը:

«Այն էքսկլավ/անկլավները, որոնք պարփակված են Հայաստանի տարածքով, սկսում են համարվել դե յուրե Հայաստանի տարածք, այն, որ պարփակված է Ադրբեջանի տարածքով, սկսում է համարվել Ադրբեջանի տարածք», - ընդգծել է վարչապետը:

Այդ օրը Փաշինյանը անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե անկլավների հանձնման դեպքում Ադրբեջանը Հայաստանի կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն կունենա, վստահեցրեց, թե ցանկացած սցենարի դեպքում, այդ թվում՝ փոխանակման, լուծումներ կան և դրանք հստակ ծրագրված են: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, մինչդեռ Գորիս-Կապան ճանապարհի օրինակով է խոսում սպասվող խնդիրներից:

«Մենք իրականում տեսել ենք արդեն, թե ինչ է տեղի ունենում, երբ տարբեր տարածքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ առումով ամենալավ օրինակը Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածի վերահսկողության հաստատումն է Ադրբեջանի կողմից: Նրանք պարզապես օգտագործեցին իրենց համար որևէ նշանակություն չունեցող այդ ճանապարհը Հայաստանի համար հավելյալ ինչ-որ անհարմարություններ ստեղծելու», - նշեց Գրիգորյանը:

Տևական դադարից հետո երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպում, Երևանի ու Բաքվի հաղորդագրություններում, սակայն, անկլավների մասին որևէ հիշատակում չկար:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG