Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ Ադրբեջանի հետ դելիմիտացիայի և անկլավների հարցին։ Հենց նա է հայկական կողմի սահմանազատման հանձնաժողովի նախագահը։
Օրերս Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպած Գրիգորյանն ընդգծեց՝ դելիմիտացիան բավական բարդ և երկարատև գործընթաց է լինելու, և կարծես թե փոխադարձ ընկալում կա, որ սահմանազատումն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Ըստ փոխվարչապետի՝ կողմերն աշխատելու են ոչ թե նկարներով, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներով։
«Օրինակ կարող եմ բերել 75 թվականի քարտեզը, դա 74 -ից մինչև 79 թվականները մասնագիտորեն կազմված և տպագրված, 22 կտորից բաղկացած ֆրագմենտներ են, որոնք մանրակրկիտ պետք է հետազոտվեն», - ասաց Գրիգորյանը:
Խոսելով անկլավների մասին՝ փոխվարչապետն ասաց, թե դժվար է ասել՝ արդյոք այդ հարցն ունի՞ իրավական հիմք, թե՞՝ ոչ, Հայաստանն ու Ադրբեջանն այդ հարցի շուրջ պետք է քննարկումներ անցկացնեն։
«Դժվար է ասել վերջնականապես՝ էդ հարցը ունի՞ որևէ իրավական նշանակություն ունեցող հիմք, թե՞ չունի։ Հանձնաժողովները պետք է միմյանց ներկայացնեն իրենց ընկալումը իրավիճակին, ներկայացնեն իրավական փաստաթղթերը, որոնք իրենք տիրապետում են: Եվ սկսենք քննարկել՝ ինչքանով է այդ իրավական փաստաթուղթը լեգիտիմ և ինչքանով կարող է հիմք հանդիսանալ դելիմիտացիայի գործընթացում», - հայտարարեց Մհեր Գրիգորյանը: