Մատչելիության հղումներ

«ՀՀ-ն այսքան զենք երբեք չի գնել, որքան այսօր, արդյո՞ք դա հարց կլուծի հավանական պատերազմի դեպքում». փորձագետ


«Հայաստանն իր պատմության ընթացքում այսքան զենք երբեք չի գնել, որքան այսօր, սակայն արդյո՞ք դա հարց կլուծի հավանական պատերազմի դեպքում», - Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան համաժողովում այսօր հայտարարեց ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը՝ ընդգծելով՝ այդ գնումները որևէ կապ ռեֆորմների հետ չունեն։

«Սենց շատ զենք Հայաստանը երբեք չի գնել իր պատմությունում՝ այս գումարների, բայց սա ամենահեշտ մասն է. եթե դուք այդ ամեն ինչը չեք կարողանում ինտեգրել և ձեր բանակը պատերազմելու է 20 թվի նման, օրինակի համար, ոչ մի բան դրանից չի փոխվի, թե դուք ունեք 150 հատ ավելի հնդկական հաուբից կամ չունեք դա», - ասաց փորձագետը:

Պատերազմից հետո բանակը շոկից պետք էր հանել, նոր մտածել բարեփոխումների մասին։ Արցախի պաշտպանական տարբեր համակարգերում աշխատած ռազմական փորձագետ Գրիգորի Սահակյանը կարծում է, որ առաջնային քայլը դեպի բարեփոխված զինված ուժեր պետք է լիներ անտիստրեսը։

Մասնագետը պատմեց պատերազմի ընթացքում բացթողումների, 44-օրյա պատերազմից հետո էլ չհասցրած բարեփոխումների մասին. - «Առաջին ռեֆորմը, որը մենք պատկերացնում ենք, մենք պետք է անցնեինք պաշտպանական շրջաններից ավելի մոբիլ տարբերակով զինվորական կառույցներին, որոնք մինչ այդ դեռ կազմակերպման փուլում էին գտնվում»:

Կառավարման լուրջ փոփոխություններ են պետք, պնդում էին ռազմական փորձագետները։ Լեոնիդ Ներսիսյանն օրինակ բերեց ավտոմատացված կառավարման ցանցերը, դրանք նրա պնդմամբ այսօր կարող է ապահովել հայկական IT ոլորտը և ինչը 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառել էր Ադրբեջանը։

Գրիգորի Սահակյանն էլ իր հերթին շեշտեց՝ արդյունավետ բարեփոխումներ ունենալու համար, հստակ ռազմավարություն է պետք:

«Սենց տիպի սիստեմները շատ կարևոր է, որ Հայաստանում մշակվեն ու կառուցվեն, որովհետև դուք չեք կարող ուրիշ երկրին տալ հնարավորություն ունենալ ամբողջ ինֆորմացիայի դոստուպ, վտանգավոր է, դրա համար գնել այդ սիստեմը դրսից հնարավոր է, բայց ավելի ճիշտ է ներսում ինչ-որ ձև կառուցել», - ընդգծեց Լեոնիդ Ներսիսյանը:

«Եթե այսօր մենք մեր գործողություններն այնպես ենք իրականացնում, որ մեր անվտանգությունը և Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը ստեղծում ենք միայն ու միայն միջպետական պայմանավորվածությունների հիման վրա, դա քիչ է: Զինված ուժերի ռեալ ռեֆորմները շատ արդիական են լինում, ռեալ շոշափվող: Ժողովրդի մեջ մենք պետք է տեսնենք վստահություն այդ համակարգի բարձրացման ուղղությամբ», - նշեց Գրիգորի Սահակյանը:

Պրոֆեսիոնալ բանակը որպես ԶՈՒ բարեփոխում այսօր անիրատեսական են համարում. համեմատությունը, ըստ մասնագետների, պարզ է. պատերազմը ցույց տվեց՝ շարքային զինծառայողն այսօր շատ ավելի լավ է պատրաստված, քան շատ դեպքերում պայմանագրային զինվորականը:

Մասնագիտական նեղ քննարկման ժամանակ անդրադարձ եղավ վերջին շրջանում Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, առանձին ուշադրություն դարձվեց այն հանգամանքին, որ 2022 թվականից հետո Հայաստանն այլևս չզգալով ռազմավարական գործընկեր Ռուսաստանի աջակցությունը, հայացքն ուղղել է դեպի Արևմուտք։ Իսկ ո՞րն է այն իդեալական մոդելը, որով պետք է Հայաստանն առաջնորդվի՝ բարեփոխելու իր զինված ուժերը։ Պատասխանը գրեթե միանշանակ էր՝ գնալ արևմտյան ճանապարհով՝ ինտեգրելով այն տեղական փորձի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG