Հայաստանն ու Ֆրանսիան այսօր ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուի խոսքով՝ Փարիզը Երևանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ: Ըստ պաշտոնյաների՝ ֆրանսիական կողմը կօգնի Հայաստանին նաև Զինված ուժերի բարեփոխումների հարցում:
«Ինչպես հայ ժողովրդի պատմության դժվարին պահերին, այսօր էլ Հայաստանի շուրջ ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում Ֆրանսիան և ֆրանսիացի ժողովուրդը մեր կողքին է, ինչն արժանի է ամենաբարձր գնահատանքի, ինչի համար նորից եմ շնորհակալ», - ասել է Սուրեն Պապիկյանը:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը երեկ հայտնել էր` ռազմական մատակարարումների պայմանագրով նախատեսվում է ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերում, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը։ Ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ այս համագործակցությունը կամրապնդի նաև սահմանների պաշտպանությունը:
Թե ինչ ժամկետներում ու ինչ ճանապարհով այդ մատակարարումները պետք է Հայաստան հասնեն, կողմերը դեռ չեն հստակեցնում։
Հայաստանի պաշտպանության նախարարն այսօր Փարիզում շեշտեց՝ գործակցում են մի շարք ուղղություններով:
«Այսօր մեր համագործակցությունն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պաշտպանական միջոցների արդիականացման, անձնակազմի կրթության, նախապատրաստության, փորձի փոխանակման, խորհրդատվական աջակցության և մի շարք այլ ուղղություններ, որոնք առաջնահերթություն են մեր Զինված ուժերի համար», - ասաց Պապիկյանը:
Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս այսօր լրագրողների հետ զրույցում սպասվող պայմանագրից շատ փակագծեր չէր բացել: Իշխանական պատգամավորը միայն հաստատել էր, որ ֆրանսիական կողմը պաշտպանական զինատեսակներ է պատրաստվում մատակարարել:
«Ամսի 30-ին Ազգային ժողովում սկսվում է բյուջետային քննարկումները, և որպես կանոն՝ առաջինը քննարկվելու է Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովին վերաբերող հատվածը: Եվ էնտեղ բոլորդ հնարավորություն կունենաք թույլատրելիի սահմաններում ստանալ ձեզ հետաքրքրող հարցերի որոշակի, չեմ ասում՝ ամբողջությամբ, բայց բացված փակագծերով պատասխաներ, որը կվերաբերի թե՛ սպառազինությանը, թե՛ նրա կառուցվածքին», - ասաց Քոչարյանը:
Սա ռազմական ոլորտում համագործակցության առաջին պայմանագիրն է, որ Երևանը կնքում է արևմտյան երկրի հետ՝ Մոսկվայի հասցեին հնչող քննադատություններից հետո: Արդյո՞ք Ֆրանսիայից նախատեսվող ռազմական մատակարարումները նշանակում են, որ Հայաստանը Արևմուտքում է անվտանգության երաշխավորներ փնտրում:
«Դա այնքան ակնհայտ , որ ցանկացած պետություն իր համագործակցության շրջանակը պետք է մեծացնի, ինչպես նաև քաղաքական հարցերում պետք է ունենա նաև բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն, և հենց 44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ ոնց որ թե մենք բոլոր այդ հարթակներում պետք է լուրջ աշխատանք ծավալենք», - ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարն ասել էր, թե չի կարծում, որ Փարիզը կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, Սեբաստիեն Լըքորնյուն տեղեկացրել էր, որ Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. - «Ֆրանսիան նաև փորձում է ցույց տալ, որ նա ոչ միայն հայտարարություններով է ռեգիոնում ներկայացվածությունը ապահովում կամ դերակատար է, այլ նաև՝ առարկայական»:
Իսկ թե ռազմական ոլորտում սա ինչ լրջության գործակցություն է, ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ պետք է հասկանալ հենց սպառազինության մատակարարումների ծավալից ու տեսակներից։
«Մինչև ծավալը չհասկանանք, այդ հայտարարությունները որևէ բանի չեն կարող ծառայել։ Որովհետև դրա ծավալից է կախված, թե դրանք եղած համակարգերի հե՞տ են գործելու, թե՞ ամբողջությամբ, օրինակ, կոնկրետ ուղղություն է, օրինակ՝ ՀՕՊ-ն է, ամբողջությամբ դրվելու է ֆրանսիական մատակարարումների ներքո: Դրանք բավականին բարդ հարցեր են և կախված չեն միայն զուտ մատակարարումներից, որովհետև շատ կարևոր հանգամանք է նաև ուսուցումը և համապատասխան անձնակազմի՝ գործի կամ մարտի մեջ մտցնելը», - ընդգծեց Աբրահամյանը:
Որ երկու երկրները ռազմատեխնիկայի տրամադրման պայմանագիր են պատրաստվում ստորագրել, Հայաստան այցի ժամանակ հայտնել էր Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:
Բաքուն խիստ քննադատել էր Փարիզի այս մտադրությունը, նաև այս պատճառաբանությամբ էր Ադրբեջանի նախագահ Ալիևը չեղարկել իր մասնակցությունը Գրանադայի բանակցություններին: