Ցանկացած սպառազինության ձեռքբերում Հայաստանի հիմնարար իրավունքն է, և Երևանն այն կգնի՝ որ երկրից հնարավոր լինի՝ ինքնապաշտպանության համար, արձագանքելով Բաքվից հնչած հերթական կոշտ քննադատությանը, «Ազատությանն» ասաց Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Բնականաբար, այս սպառազինությունները ագրեսիվ նպատակ չունեն, այդ սպառազինություններն ունեն պաշտպանական նպատակ, և դա Հայաստանի հիմնարար իրավունքն է: Այն պետք է իրացվի, այն իրացվել է, իրացվելու է և իրացվում է հենց հիմա, հետևաբար Ադրբեջանի նման հայտարարություններն ուղղակի զարմանալի են», - ասաց Մարուքյանը:
Բաքուն շարունակում է դժգոհել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունից: Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «խստորեն դատապարտում» են Ֆրանսիայի կողմից ռազմական տեխնիկայի ուղարկումը Հայաստան:
Եվ մինչ Բաքվից Հայաստանին ու Ֆրանսիային կոչ են անում վերջ տալ տարածաշրջանում «սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը»՝ պնդելով, թե Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը հակադարձում է.- «Ադրբեջանը վերջին երկիրն է, որ կարող է որոշել, թե Ֆրանսիան ինչ շահեր ունենա տարածաշրջանում կամ իր բարեկամ պետությունների հետ, հետևաբար խոսել Ֆրանսիայի սխալ շահերի մասին, այն էլ Ադրբեջանի կողմից, ուղղակի զավեշտ է, ըստ էության»:
Այն, որ ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներն արդեն Վրաստանով տեղափոխվել են Հայաստան, հենց ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնել՝ հրապարակելով մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ՝ պնդելով, որ այն նկարահանվել է վրացական Փոթի նավահանգստում:
Իշխանությունը չի հստակեցնում՝ ստացե՞լ են արդյոք ֆրանսիական զենքը
Հասե՞լ են արդյոք զրահապատ այդ մեքենաները Հայաստան, ի՞նչ ճանապարհով և քանի՞սն են դրանք. Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի անդամներն այս հարցերին պատասխանել չցանկացան: Իսկ ռազմական գերատեսչությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին՝ Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ այս պահին որևէ տեղեկություն չեն կարող հայտնել:
Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այս ֆոնին հիշեցնում է՝ չնայած խաղաղության գնալու հայտարարություններին՝ Ադրբեջանը շարունակում է ավելացնել իր ռազմական բյուջեն. - «Ադրբեջանը մի երկիր է, որ երեք անգամ ավելի սպառազինություն ձեռք բերելու հնարավորություններ է նախատեսում իր ռազմական բյուջեով, Ադրբեջանը մի երկիր է, որն օկուպացրել է ՀՀ շուրջ 200 քառակուսի կմ տարածք և պետք է անհապաղ դուրս գա, իր զորքերը հետ քաշի այդ տարածքներից և գա բանակցությունների սեղան այն սկզբունքների շրջանակում, որոնք արդեն ձեռք էին բերվել հանդիպումների ընթացքում՝ Բրյուսելում»:
Երևանին քննադատող Բաքուն բացի սպառազինության ձեռքբերումից մտադիր է նաև անօդաչուների արտադրություն սկսել
Այս տարվա ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու թուրքական «Բայքար» ընկերությունը անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն հիմնելու պայմանագիր ստորագրեցին։ 44-օրյա պատերազմում, ըստ ռազմական փորձագետների, հենց «Բայրաքթար»-ները վճռորոշ դեր ունեցան: Իսկ արդեն ամռանը Անկարան և Բաքուն հայտարարեցին հինգերորդ սերնդի թուրքական կործանիչի ստեղծման գործում համագործակցության մասին:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց. - «Բնականաբար, Ադրբեջանը փորձում է իր համար ստեղծել իրավիճակ, որի պայմաններում ինքը մշտապես ուժի տեսանկյունից կլինի գերիշխող պայմաններում և բանակցային գործընթացում կթելադրի այն, ինչ մինչև այս պահը, հատկապես այս վերջին շրջանում, վերջին 5 տարիների ընթացքում թելադրել է»:
Ադրբեջանի հաջորդ տարվա ռազմական բյուջեն 3,8 միլիարդ դոլար է, Հայաստանինը՝ 1,4 միլիարդ։