Մատչելիության հղումներ

Հնդկաստանը Հայաստանին MArG 155 ինքնագնաց հաուբիցներ կտրամադրի


Արտապատկերում idrw.org կայքից
Արտապատկերում idrw.org կայքից

Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Այս մասին հաղորդում է idrw.org (Indian Defense Research Wing) պորտալը:

Հաղորդագրության համաձայն՝ MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: 155 միլիմետր/39 տրամաչափի թնդանոթով, քարշակող 4 անիվներով համակարգը բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում: Մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, «կրակել և փախչելու» կարողությունները այն դարձնում են ունիվերսալ և ահեղ զենք մարտական ժամանակակից սցենարներում, նշված է հաղորդագրությունում:

«Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության վրա, ինչով Հնդկաստանը պաշտպանական սպառազինության առանցքային մատակարար է դարձել Հայաստանի համար: 2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել 4 միավոր Swathi շարժական ռադարներ, և 2022 թվականի սեպտեմբերին Pinaka բազմափող հրթիռային կայանների, հակատանկայի հրթիռների և տարբեր տեսակի զինամթերքի ձեռքբերման 245 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրվել», - փոխանցում է հնդկական պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG