Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 30-ին՝ սահմանազատման հանձնաժողովների հանդիպում հայ - ադրբեջանական սահմանին


Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ղեկավարներ, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյան և Շահին Մուստաֆաև
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ղեկավարներ, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյան և Շահին Մուստաֆաև

Կա նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 30-ին հայ - ադրբեջանական պետական սահմանին անցկացնել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում, առավոտյան հաղորդեց Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ կոկրետ վայրը չհստակեցնելով։

Մեկուկես տարի գործող՝ փոխվարչապետերի գլխավորած այս հանձնաժողովն ընդամենը 4 հանդիպում է անցկացրել՝ մեկը՝ Երասխի հատվածում, մյուսը՝ Տավուշի մարզի և Ղազախի, մեկական էլ՝ Մոսկվայում ու Բրյուսելում։

Վերջին հանդիպումն ավելի քան 6 ամիս առաջ է եղել, դրանից առաջ էլ քննարկումները մեծ ընդմիջումներով էին, իսկ առավելագույնը, որ այդ հանդիպումներից հետո պաշտոնական հաղորդագրություններում ասվում էր, հետևյալն էր՝ «կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը»։

Հայաստանի հետ երկկողմ ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցությունների՝ Բաքվի հայտարարությանն ի պատասխան Երևանը երեկ առաջարկեց պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել։

«Դա Հայաստանի կողմից կառուցողականության դրսևորում է», - այսօր ասաց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

Թե Երևանը հնարավոր հանդիպմանը ի՞նչ կոնկրետ հարցի վրա է ծանրանալու, պաշտոնական աղբյուրները լռում են։ Փոխարտգործնախարար Սաֆարյանն այսօր ձեռնպահ մնաց նաև սպասելիքներից խոսել։ «Այս փուլում միայն կարող եմ ասել, որ հանձնաժողովների հերթական նիստերի վերաբերյալ տրվում են մամուլի հաղորդագրություններ, որտեղ արտացոլվում են կատարված աշխատանքների վերաբերյալ կողմերի մոտեցումները», - նշեց նա:

Հայաստանում հավատարմագրված Եվրամիության և ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը արտգործնախարարը շեշտել է այն երեք սկզբունքները, որոնց հիման վրա Հայաստանը տեսնում է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի շարունակությունը. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումից ու ինքնիշախության սկզբունքով ապաշրջափակումից բացի, Արարատ Միրզոյանը նաև սահմանազատմանն է անդրադարձել, որ այն պետք է տեղի ունենա ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզներով։

ԱԳ փոխնախարարը և՛ հայտարարեց՝ Երևանը չի փոխել մոտեցումը՝ խաղաղության բանակցություններում կան հարցեր, որոնց քննարկման ժամանակ միջազգային միջնորդների մասնակցությունը պարտադիր է, և՛ ուղիղ չպատասխանեց հարցին՝ Հայաստանի համար ընդունելի՞ է Փաշինյան - Ալիև դեմ առ դեմ հանդիպում սահմանին։

«Հավելյալ տեղեկատվություն հավելյալ դիրքորոշումների մասին, եթե անհրաժեշտ լինի, կտրվեն պարզաբանումներ», - ասաց Սաֆարյանը՝ հարցին էլ՝ «չե՞ք բացառում, որ երկկողմ լինի այս անգամ սահմանին, ինչպես նշվում է», արձագանքելով. - «Այս պահին չեմ կարող դա մեկնաբանել»:

Քաղաքագետը ռիսկեր է տեսնում երկկողմ բանակցությունների մեջ

Ըստ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի՝ «կա հավանականություն, որ կընդունեն այդ առաջարկը»:

Քաղաքագետը կարծում է՝ եթե միջնորդներից մասնավորապես Միացյալ Նահանգները բավարար ճնշում չբանեցնի Ադրբեջանի վրա՝ վերադարձնելու արևմտյան բանակցային հարթակ, Հայաստանը ստիպված է լինելու գնալ Բաքվին ձեռնտու դեմ առ դեմ բանակցության։

«Այս իշխանությունների քաղաքականությունը այն է, որ ամեն գնով հասնենք ինչ-որ փաստաթղթի ստորագրմանը, խուսափենք էսկալացիաներից, և Բաքուն շատ հմտորեն խաղում է այդ վախերի հետ՝ Հայաստանի իշխանությունների և մի հոգու վախերի հետ՝ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, և զիջումներ կորզում, ստանում իր համար ցանկալին», - «Ազատության հետ զրույցում նշեց Գրիգորյանը:

Քաղաքագետը ռիսկեր է տեսնում երկկողմ բանակցությունների մեջ: Նախ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների երաշխավոր չի լինի. Գրիգորյանի կարծիքով՝ Երևանի հույսն այն է, որ փաստաթղթի ստորագրումից հետո Վաշինգտոնը կստանձնի այդ դերը: Բացի այդ, ըստ քաղաքագետի, «հնարավոր է մի իրավիճակ, որ այն բոլոր արդյունքները, որոնք արձանագրվել էին ողջ այս խաղաղ գործընթացի ընթացքում արևմտյան հարթակներում, կարող են պարզապես զրոյանալ, այսինքն՝ զրոյական կետից կարող են սկսվել այդ բանակցությունները»: «Բաքուն կարող է նույն սահմանազատման գործընթացում պարտադրել Հայաստանին իր համար ցանկալի սկզբունքներով առաջ շարժվել, անկլավների հարցով ինչ-որ մաքսիմալիստական դիրքորոշումներ, զորքերի հետքաշման վերաբերյալ իր մոտեցումը, այսինքն՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում զորքերը հետ քաշել Հայաստանի սուվերեն տարածքից, նույն ապաշրջափակման գործընթացում ևս պարտադրել ինչ-որ առանձնահատուկ, յուրահատուկ ռեժիմ», - մանրամասնեց Գրիգորյանը:

Բաքուն վերջին շաբաթներին ավելի ու ավելի հաճախ է խոսում դեմ առ դեմ կամ տարածաշրջանային հարթակներում կազմակերպվող բանակցություններից. արդեն երեք անգամ բոյկոտել են արևմտյան հարթակները։ Այս պահին, ըստ փոխարտգործնախարարի, տեղեկություն չկա ո՛չ ղեկավարների, ո՛չ արտգործնախարարների նոր հանդիպման պայմանավորվածության մասին։

XS
SM
MD
LG