Հայկական կողմը սպասում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը ճանաչելու Բաքվի հայտարարությանը, ասում է Ազգային ժողովի նախագահը՝ վերահաստատելով պաշտոնական Երևանի տեսակետը՝ դա հայկական կողմի կարմիր գիծն է։
«Մենք մեր երկիրը պետք է բերենք խաղաղության, և մենք մեր համար մեր կարմիր գիծը գծել ենք: Հիմա, էդ թիվը, որ մենք հիմա քննարկում ենք, մե՛ր կողմից է գցած շրջանառության մեջ, նենց չի չէ՞ որ ընդդիմությունը, կամ Ադրբեջանն է դրել այդ թիվը շրջանառության մեջ: Հիմա, մերը 29 հազար 800 է՝ էդ նշանակում է, որ իրենցը 86 հազար 600 է՝ չի կարա ուրիշ լինի: Էդ թիվը բացարձակ թիվ է», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Թեև Երևանը ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով բազմիցս է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ինքն էլ փոխադարձաբար ճանաչում է Հայաստանի տարածքը։ Խորհրդարանի խոսնակը նկատում է՝ Ադրբեջանի հետ հանդիպումների ժամանակ հնչեցվել է այդ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր բառը, դրա մասին քանիցս հայ - ադրբեջանական բանակցությունների միջնորդ Եվրամիության խորհրդի նախագահն է խոսել, բայց, միևնույն է, այդ հայտարարությունը պետք է հնչեցնի անձամբ Ալիևը։
«Երբ որ մենք խոսում ենք 86 հազար 600-ի մասին, ախր էդ 86 հազար 600-ը օդում գտնվող տարածք չի, հա՞, էդ 86 հազար 600-ը նշանակում է, որ 29 հազար 800-ը Հայաստանն է: Այսինքն, ասելով մեկը՝ դու ապացուցում ես մյուսը, և հակառակը: Շատ գործողություններ կա՝ գերիների վերադարձը, սահմանի ճշտումը, ինչպես նաև մենք սպասում և ակնկալում ենք, որ Ադրբեջանի ղեկավարը նույնպես թվային առումով կհայտարարի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին և 86 հազար 600 քառակուսի կիլոմետրի մասին, և այլն, և այլն», - ընդգծեց ԱԺ նախագահը:
Երևանը պնդում է, որ միմյանց տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչվի՝ հիմք ընդունելով Խորհրդային Միության այն քարտեզը, որով երկու երկրներն անկախացել են։
«Եթե էն քարտեզով, որով որ մենք անկախացել ենք, կլինի տեղեր, որտեղ որ մենք Ադրբեջանի տարածքում ենք, մենք պետք է դուրս գանք էդ տարածքից, այո, պետք է դուրս գանք, ինչպես նաև իրենք պետք է դուրս գան», - նշեց Սիմոնյանը:
Իսկ ի՞նչ գին է պատրաստ վճարել հայկական կողմը հանուն խաղաղության. խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասում է՝ Հայաստանն արդեն վճարել է այդ գինը։
«Մենք արդեն հնարավոր բոլոր գները վճարել ենք, կարծում եմ, և ավել գին ես չեմ կարծում, որ մենք պետք է վճարենք: Ինքը իրա տարածքում թող անցակետեր դնի, մենք մեր տարածքում անցակետեր ունենք և հլը զարգացնելու ենք: Եվ ես չեմ բացառում, որ նաև վարչապետի ելույթից եզրակացություն անելով, ինչպես նաև՝ վերջին տեղեկություններից, ես չեմ բացառում նաև, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունը և սահմանը շատ հնարավոր է՝ ինչ-որ դրական առումով տեղաշարժ ունենա մոտ ժամանակներում», - ասաց խորհրդարանի խոսնակը:
Ինչպե՞ս է Հայաստանը հասնելու խաղաղությանը, երբ ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում է, չլուծված է մնում անկլավների հարցը, և սրանցով խնդիրների ցանկը չի սպառվում։ ԱԺ նախագահը լավատես է. - «Թե՛ միջանցքի թեման այլևս ակտուալ չի, թե՛ խաղաղության մասին խոսակցությունները ավելի շատ ակտիվացել են ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաև հարևան երկրի ղեկավարության կողմից: Կլինի բաց ճանապարհներ, կլինի առևտուր, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կզարգանա, և վերջիվերջո մենք կունենանք խաղաղություն»:
Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամություն են հայտնել։ Այնինչ այդ նույն հայտարարությունները հնչում էին նաև մեկ տարի առաջ, ու դարձյալ վերջնաժամկետ նշվում էր տարեվերջը։
Քաղաքական մեկնաբանը վստահ է՝ կողմերն այս տարի էլ չեն կնքի խաղաղության պայմանագիրը
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը, սակայն, վստահ է՝ կողմերն այս տարի էլ չեն կնքի խաղաղության պայմանագիրը։
«Պետք չի սպասել խաղաղության համաձայնագրի ստորագրման, դրա հավանականությունը զրոյական է համարյա, որովհետև այդ խաղաղությունը՝ այնպես, ինչպես պատկերացնում է Ադրբեջանը, մեզ համար ոչ թե խաղաղություն կլինի, այլ՝ կապիտուլյացիա, իսկ այն խաղաղությունը, ինչպիսին մենք ենք պատկերացնում, Ադրբեջանը կտրականապես մերժում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:
Վերլուծաբանի կարծիքով՝ Բաքուն ձգտում է վերցնել ողջ Սյունիքը, իսկ նման պայմաններում խաղաղություն հաստատել հնարավոր չէ. - «Ամբողջ Զանգեզուրը, Սյունիքը վերցնելն է, և նրանք, իմ տպավորությամբ, փորձում են դա անել, եթե ռազմական ճանապարհով չհաջողվի, ապա դա անել ադրբեջանցի փախստականների վերադարձի պատրվակով՝ այստեղ բնակեցնել ադրբեջանցի փախստականներ»:
Ամեն դեպքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս խաղաղության մասին խոսել էր Վրաստանում՝ անձամբ ներկայացնելով Երևանի մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, և ընդգծել՝ այդ նախագիծը խաղաղության օրակարգի կարևոր մասն է։
«Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, և հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին», - հայտարարել էր Փաշինյանը:
Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է, ասել էր վարչապետ Փաշինյանը՝ ըստ էության, կրկին շեշտադրելով Հայաստանի տարածքը Բաքվի կողմից ճանաչելու անհրաժեշտությունը։
Ադրբեջանի նախագահը դեռ չի արձագանքել Երևանի առաջարկած այս նախագծին։
Ավելին՝ այս շաբաթ Իլհամ Ալիևը չեղարկեց Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված բանակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ, ամսվա սկզբին էլ չէր մեկնել իսպանական Գրանադա՝ մասնակցելու Հայաստանի վարչապետի ու եվրոպական լիդերների հետ հնգակողմ հանդիպմանը։