Հայկական կողմն, ըստ անհրաժեշտության, բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար, հայտարարեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողների հարց, թե ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում մոսկովյան հարթակներում բանակցություններ անցկացնելու մասին Բաքվից և Մոսկվայից հնչող հայտարարություններին:
«Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել մեր հարևանների հետ և հարթակն ամենևին էլ առաջնայինը չի: Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ մեր գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում այս քննարկումները ադրբեջանական կողմի հետ, չփորձեն ի հաշիվ Հայաստանի Հանրապետության շահերի իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղեն», - ասաց Կոստանյանը:
Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել, որ Մոսկվան պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ համաձայնագիր կնքելու հարցում և առաջարկել էր բանակցություններն անցկացնել Մոսկվայում։
Բրյուսելյան հանդիպման մասն
«Ազատության» հարցին՝ հոկտեմբերի վերջին նախատեսվող բրյուսելյան հանդիպման ընթացքում ակնկալվո՞ւմ է փաստաթղթի ստորագրում, Վահան Կոստանյանը պատասխանեց. - «Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է այն օրակարգն ու այն ուղենիշները, որոնք տեսնում է և մենք տեսնում ենք որպես հարաբերությունների կարգավորման հիմք: Դրանք, ըստ էության, նաև արձանագրվել են Գրանադայի քառակողմ հայտարարությամբ, հիմա, ենթադրաբար, ադրբեջանական կողմը պետք է դիրքավորվի և հանրային կեպրով իր դիրքորոշումն արտահայտի այն ուղենիշների մասին, որոնք նշված են Գրանադայի հայտարարությունում»:
Իսկ թե, այն իր մեջ ներառո՞ւմ է անկլավների թեման, ԱԳ փոխնախարարը նշեց՝ «անկլավների թեման, ենթադրում եմ, դելիմիտացիայի պրոցեսի մաս է լինելու, իսկ Գրանադայի հայտարարությունն ընդհանուր ավելի խոշոր ուժեղնիշների մասին է»:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Եվրամիության խորհրդի նախագահն է մինչև ամսվա վերջ հրավիրել հանդիպման, որի ժամկետները հայտնի չեն։ Երևանը կողմ է ձևաչափին, Բաքուն՝ ևս, ինչի միասին հայտնել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը։
Ամերիկյան կողմից հնչող հայտարարությունների մասին
Անդրադառնալով ամերիկյան կողմից հնչող հայտարարություններին, Կոստանյանը նշեց. «Մենք որոշակի պարզաբանումներ մեր ամերիկացի գործընկերներից ստացել ենք, իրենք նաև հանրային հաղորդակցություն են այս մասով ապահովել, ավելացնելու ոչինչ չունեմ այս մասով»:
«Այն մասին, որ Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում, մենք արդեն ամիսներ շարունակ հայտարարում ենք ու զգուշացնում ենք մոր բոլոր միջազգային գործընկերին», - ընդգծեց փոխնախարրը:
Օրերս Politico պարբերականն էր հայտնել, թե պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպմանը նախազգուշացրել է, թե առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան։ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հերքել է այս հրապարակումը: